
Դատարանը Bayer-ին պարտավորեցրել է 2 մլրդ դոլար վճարել Roundup հերբիցիդից քաղցկեղով հիվանդացած երկու ամերիկացիների

Սան Ֆրանցիսկոյում (Կալիֆոռնիայի նահանգ) դատարանը մայիսի 13-ին Bayer կոնցեռնին պարտավորեցրել է ավելի քան 2 միլիարդ դոլար վճարել երկու ամերիկացիների, որոնց մոտ քաղցկեղ է ախտորոշվել ենթադրաբար Roundup հերբիցիդի հետ շփման պատճառով: Այդ մասին, հայտնել է Reuters-ը:
Գործակալության տվյալներով՝ փոխհատուցումը նախատեսված է Էլվա Փիլիոդի եւ նրա կնոջ՝ Ալբերտայի համար, որոնք բնակվում են նահանգում: Ավելի վաղ նրանք հայց են հարուցել Roundup-ն արտադրող Monsanto ընկերության դեմ՝ պնդելով, որ հերբիցիդի հետ շփման պատճառով իրենց մոտ լիմֆոմա է զարգացել: Bayer-ը Monsanto-ն գնել է անցյալ տարի 63 միլիարդ դոլարով:
Ինչպես հայտնել է Reuters-ը, երդվյալների ժյուրին հանգել է այն եզրակացության, որ ո՛չ Monsanto-ն, ո՛չ էլ Bayer-ն սպառողներին, այդ թվում՝ Փիլիոդ ամուսիններին պատշաճ կերպով չեն տեղեկացրել, որ Roundup-ը կարող է մարդկանց մոտ քաղցկեղ առաջացնել:
Ընդամենն ԱՄՆ-ում հարյուրավոր հայցեր են հարուցված Monsanto-ի եւ նրա ներկայիս սեփականատեր Bayer-ի դեմ: Ընկերությունները մեղադրվում են Roundup հերբիցիդի, որը հայտնի է նաեւ որպես գլիֆոսատ, քաղցկեղածին լինելու մասին տեղեկատվությունը դիտավորյալ թաքցնելու մեջ:
Bayer-ում ժխտում են այդ պնդումները՝ հայտարարելով, որ կատարված բազմաթիվ հետազոտությունները չեն հաստատում մարդու առողջության համար գլիֆոսատի վտանգավորությունը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: