Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Վահե Բուդումյանն ազատվել է ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից: Այս մասին Բուդումյանը հայտնել է ֆեյսբուքի իր էջում:
«Սիրելի՛ ընկերներ, ուզում եմ տեղեկացնել, որ մայիսի 15-ից ազատված եմ ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնից։ Գիտեմ, որ ասածս մի շարք հարցեր է առաջացնելու. դրանց կանդրադառնամ ստորև։ Մինչ այդ ուզում եմ շնորհակալություն ասել Մշակույթի նախարարության բոլոր աշխատակիցներին, մշակույթի գործիչներին, ոլորտը լուսաբանող լրագրողներին և ընդհանրապես բոլորին, ում հետ առնչվել եմ այս ընթացքում։ Ինձ համար մեծ պատիվ էր ձեզ հետ աշխատելը, այս մեկ տարին սիրով կհիշեմ»,-նշել է Բուդումյանը:
Նա ընդգծել է, որ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Մշակույթի նախարարության Կրթության և գիտության նախարարությանը միավորվելու համատեքստում իր թեկնածությունը չի դիտարկվում նախարարի տեղակալի համար, ազատման դիմում է ներկայացրել, որը հաստատվել է։
«Ո՞վ է լինելու իմ փոխարեն. չեմ կարող ասել, բայց հուսով եմ, որ նոր նախարարի տեղակալը, ում կվստահվի գրահրատարակչության, գրադարանների և մամուլի ոլորտների համակարգումը, լիարժեքորեն և արդյունավետ կերպով կիրականացնի նախարարության քաղաքականությունը։
Ի՞նչ է լինելու ծրագրերի հետ. Բոլոր հաստատված, ընթացիկ ծրագրերն ուժի մեջ են և չեն կարող կասեցվել։ Ամեն դեպքում դրանք կարող են և պետք է վերանայվեն՝ հաշվի առնելով տարեվերջյան արդյունքները»,-շեշտել է Բուդումյանը:
Վահե Բուդումյանը ՀՀ մշակույթի նախարարի տեղակալի պաշտոնում նշանակվել էր 2018 թվականի հունիսի 13-ին: