«Ինձ համար դժվար չէ ներողություն խնդրելը, բայց ընտանիքս ավելի կարևոր է». Ռակիտիչ
«Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչը բացատրել է Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչում «Լիվերպուլից» կրած պարտությունից հետո Սևիլիայի տոնավաճառ գնալն ու բարձր տրամադրությամբ նկարվելը:
«Ինձ համար դժվար չէ ներողություն խնդրելը: Ես հայր եմ և ամուսին, և ինձ համար ամենակարևորը ընտանիքն է: Ես ընտանիքի հետ լինելու համար մեկնեցի Սևիլիա: Ինձ խնդրեցին լուսանկարվել, իսկ ես երբեք չեմ հրաժարվում լուսանկարվելուց:
Ես ընդունում եմ տարբեր կարծիքները, բայց ֆուտբոլը 100 տոկոսով իմ կյանքն է: Ես պատասխանատվություն եմ կրում և միշտ ցանկանում եմ լավագույնն ինձ և թիմակիցներիս համար:
Բացատրություննե՞ր Boixos Nois խմբավորման անդամներին: Ես չգիտեմ, թե ինչպես է հայտնվել այդ տեղեկատվությունը: Դրանք 2 մարդիկ են, ում ես ճանաչում եմ: Ես շփվեցի նրանց հետ, տրամադրությունը դրական էր, նրանք գոտեպնդեցին ինձ»,- ասել է Ռակիտիչը:
Սիրարփի Աղաբաբյան