«Հայրս մարտի 1-ի 10 զոհերի համար միանշանակ պատասխանատվության բաժին չունի, նույնիսկ դա մեղադրանքում չկա». Լևոն Քոչարյան
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում, դատավոր Դավիթ Գրիգորյանի նախագահությամբ մեկնարկել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուս նախկին պաշտոնյաների գործով առաջին դռնբաց դատական նիստը։
Նիստին ներկա է նաև Ռոբերտ Քոչարյանը։
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, լրագրողների հետ զրույցում հույս հայտնեց, որ տեղի կունենա արդար դատավարություն։
«Հիմա ես ինչ տեսակետ էլ հայտնեմ, բնականաբար, այն դիտվելու է սուբյեկտիվ»,- ասաց նա։
Հարցին՝ 2008 թվականին Ռոբերտ Քոչարյանը սահմանադրական կարգ խախտե՞լ է, Լ. Քոչարյանը պատասխանեց.
«Կարծում եմ՝ ոչ։ Դուք մեր պաշտպանների խոսքը լսում եք, հատկապես՝ Հայկ Ալումյանն այդ ամենը շատ լավ բացատրում է։ Այսօրվա դատական նիստից ակնկալում եմ, որ մինչև օրս ապօրինի խափանման միջոցը, որը կա, Սահմանադրական դատարանն էլ դա ցույց տվեց, առնվազն այդ ամենը կվերացնի։ Հայրիկիս վերջին անգամ տեսակցել եմ մայիսի 8-ին։ Գործի հետ կապված շատ չենք զրուցում, ընդհանուր ենք զրուցում՝ տանից, երեխաներից, տեղեկացնում ենք նաև այն ամենի մասին, ինչը կատարվում է այնպիսի տիրույթներում, որտեղ ինքը մուտք չունի։ Հայրս մարտի 1-ի 10 զոհերի համար միանշանակ պատասխանատվության բաժին չունի, նույնիսկ դա մեղադրանքում չկա»։
Հաջորդ հարցին, թե Ռոբերտ Քոչարյանի համար ստեղծված «Աջակիցների դաշինքն» ի՞նչ պետք է անի, Լ. Քոչարյանը տեղեկացրեց, որ միջոցառմանը մասնակցել է հյուրի կարգավիճակում, ուստի ոչինչ չգիտի։
Ինչ վերաբերում է Սիլվա Համբարձումյանի կաշառք տալու ցուցմունքին, Լևոն Քոչարյանը նկատեց՝ այդ ամենն անհեթեթություն է:
«Նույնիսկ դատարանների այս վիճակում, Վերաքննիչ ու Առաջին ատյանների դատարաններն ապացուցելու մինիմալ բաները չեն հաստատել, որ նման բան կա»,- շեշտեց Լևոն Քոչարյանը։
Անդրադառնալով այն խոսակցություններին, որ Ռոբերտ Քոչարյանը և իր որդիները միլիարդատերեր են, Լևոն Քոչարյանն ասաց, որ, եթե ինչ-որ կարողություն ունեն, դա դեռ չի նշանակում, որ միլիարդատեր են։
«Հայաստանում տեղի ունեցած դեպքերից անցել է մեկ տարի, գնացել գտել են միայն Սիլվա Համբարձումյանի հետ կապված ինչ-որ անհեթեթ բաներ, որի հետ նույնիսկ դատարանը չի համաձայնել։ Բոլորդ էլ գիտեք, որ այս մեկ տարվա մեջ ինչպես են ամեն ինչ քրքրում, փորձում մի բան գտնել, մի կեղտ կապել մեր ընտանիքի անվան հետ։ Եթե ինչ-որ բան կա՝ թող գան, ասեն, որ՝ այս մի բանն ունեք, որը, օրինակ՝ պետությունից կոպեկներով եք վերցրել։ Կոնկրետ ես 2008 թվականից Հայաստանում զբաղվում եմ բիզնեսով, եղբայրս՝ ավելի շուտ։ Եթե կգտնեն, որ ինչ-որ բան սխալ է, մենք պատրաստ ենք ամեն ինչի համար պատասխան տալ։ Ես միլիարդատեր չեմ, միլիոնատեր՝ գուցե, եթե ակտիվները հաշվենք»,- եզրափակեց Լևոն Քոչարյանը։
Զվարթ Խաչատրյան