
Տավարաբուծության զարգացման ծրագիրը նպատակաուղղված է ոլորտն ավելի ինտենսիվացնելու և նոր տեխնոլոգիաների կիրառելու

«ՀՀ-ում 2019-2024 թվականների տավարաբուծության զարգացման» ծրագրով հետաքրքրված գյուղացիների թիվը կազմում է շուրջ 372 մարդ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Անասնաբուծության և անասնաբուժության վարչության պետ Լևոն Տեր-Իսահակյանը:
Նրա խոսքով՝ այդ ծրագրին միացել է ֆինանսական կառույցներից՝ 5 բանկ և 6 վարկային կազմակերպություն:
«Տավարաբուծության զարգացման ծրագիրը պատահական չի ընտրվել, քանի որ ՀՀ-ի գյուղատնտեսական համախառն արտադրանքի շուրջ 50 տոկոսը ստացվում է անասնաբուծությունից: Այդ ամենը կազմել է 477.9 մլրդ դրամ, այն դեպքում, երբ միայն տավարաբուծությունից ստացվել է ավելի քան 280 մլրդ դրամ»,- նշեց Տեր-Իսահակյանը և հավելեց, որ մշակված ծրագիրը նպատակաուղղված է ոլորտն ավելի ինտենսիվացնելու և վարման նոր տեխնոլոգիաների կիրառելու համար: