
Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի մրցանակ կհանձնեն Չայկովսկու անվան մրցույթի շրջանակում

Երգիչների համար «Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի»՝ 15 հազար դոլարի չափով հատուկ մրցանակ կհանձնեն Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթի շրջանակներում: Այդ մասին ՏԱՍՍ գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում հայտնել է կազմկոմիտեի համանախագահ, Մարիինյան թատրոնի գեղարվեստական ղեկավար-տնօրեն Վալերի Գերգիեւը:
«Դմիտրի Խվորոստովսկու հիշատակի» մրցանակն առաջարկել են հիմնել Մետրոպոլիտեն-օպերայի երկրորդ մարդը՝ Սառա Բիլինգհյորսթ-Սողոմոնը՝ «Մեներգում» մասնագիտությամբ ժյուրիի նախագահը, եւ ԱՄՆ-ից մեր ընկերներից եւս մի քանիսը»,-ասել է Գերգիեւը, հույս հայտնելով, որ պարգեւը կստանա Ռուսաստանը ներկայացնող երաժիշտը:
Մրցանակի դափնեկիրը նաեւ իրավունք կստանա ելույթ ունենալ Խվորոստովսկու (1962-2017 թթ.) հայրենի քաղաքում՝ Կրասնոյարսկում: Պ.Ի.Չայկովսկու անվան 16-րդ միջազգային մրցույթը կանցկացվի Մոսկվայում եւ Սանկտ Պետերբուրգում՝ հունիսի 17-ից մինչեւ 29-ը: Մրցույթին մասնակցելու համար ռեկորդային թվով՝ 954 հայտ է ստացվել 58 երկրից: