Բացահայտվել է Կոտայքի մարզում կատարված բնակարանային գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի
ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում բացահայտվել է Կոտայքի մարզի գյուղերից մեկի բնակչի տանից կատարված գողությունը. մեղադրանք է առաջադրվել երեք անձի:
2019 թվականի մայիսի 8-ին Կոտայքի մարզի բնակիչը ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2019 թվականի մայիսի 7-ին՝ ժամը 07:30-ից մինչև հաջորդ օրը՝ ժամը 09:20-ն ընկած ժամանակահատվածում, անհայտ անձը, տեխնիկական միջոցներ գործադրելով, բացել է իր տան հյուրասենյակի մետաղապլաստե պատուհանի փեղկը, մուտք գործել տուն ու գաղտնի հափշտակել «Տոշիբա» տեսակի հեռուստացույցը, 20 գրամ քաշով ոսկյա մատանին, «Պապեդա» տեսակի ձեռքի ոսկյա ժամացույցը և լուսարձակիչը, որի հետևանքով իրեն պատճառել է խոշոր չափերի գույքային վնաս:
Դեպքի առթիվ 2019թ. մայիսի 8-ին ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետի հատկանիշներով։ Կոտայքի մարզային քննչական վարչության պետի որոշմամբ՝ քրեական գործի նախաքննության կատարումը հանձնարարվել է քննչական խմբին: Քաղաքացին ճանաչվել է տուժող:
Քրեական գործով ձեռնարկված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, մասնավորապես՝ ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը, որոնցից մեկը Երևանի բնակիչ է՝ ծնված 1972 թվականին, մյուսը՝ Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1990 թվականին, իսկ երրորդը՝ Կոտայքի մարզի բնակիչ է՝ ծնված 1982 թվականին:
Նախաքննության ընթացքում կատարվել են մի շարք անհետաձգելի քննչական գործողություններ՝ հարցաքննություններ, խուզարկություններ, որի ժամանկ հայտնաբերվել է գողոնի մի մասը:
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել են դատամատնադրոշմային, դատահետքաբանական և դատաապրանքագիտական փորձաքննություններ:
Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ հիշյալ երեք անձանց մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1.1 կետով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորում կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:
Նախաքննությունը շարունակվում է: Իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողություններ՝ ստուգելու խմբի կողմից առերևույթ այլ հանցավոր արարքներ կատարելուն առնչություն ունենալը: