
Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման 10-ամյակի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցելու վաղը՝ մայիսի 14-ին, Բրյուսելում կայանալիք Արևելյան գործընկերության ծրագրի հիմնադրման տասնամյակի գագաթնաժողովին:
168.am-ի հետ զրույցում ՀՀ վարչապետի մամլո քարտուղար Վլադիմիր Կարապետյանը տեղեկացրեց, որ վարչապետն այսօր Բրյուսելում մասնակցելու է Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից տրվող պաշտոնական ընթրիքին՝ նվիրված Արևելյան գործընկերության տասնամյակին:
«Վարչապետը մասնակցելու է կարևոր մի միջոցառման, որին ներկա են լինելու Դոնալդ Տուսկը, Եվրամիության արտգործնախարար Ֆեդերիկա Մոգերինին, Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը, պատվիրակությունների ղեկավարներ։ Լինելու են պաշտոնական հայտարարություններ, պարոն Փաշինյանը ևս իր խոսքը կասի, իսկ վաղվա միջոցառումներին կմասնակցի ՀՀ արգործնախարար Զոհրաբ Մնացականյանը»,- ասաց Վ.Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Բրյուսելում համատեղ գագաթնաժողովին մասնակցելու են Եվրամիության 28 երկրների առաջնորդներն ու արտգործնախարարները: Բրյուսելում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:
Մայիսի 14-ին Եվրոպական հանձնաժողովն է տասնամյակի առիթով բարձր մակարդակով միջոցառում անցկացնելու: