
Եվրոպացիների շուրջ կեսը ԱՄՆ-ը հուսալի գործընկեր չի համարում

Եվրոպացիների գրեթե կեսը չի հավատում, որ Միացյալ Նահանգները հուսալի գործընկեր է ԵՄ-ի անվտանգության հարցում: Այս եզրակացությունը բովանդակում է YouGov սոցիոլոգիական ծառայության կողմից անցկացված հարցումը, որը մայիսի 13-ին հրապարակվել է El Pais թերթում:
Հրատարակության տեղեկատվությամբ, եվրոպացիներին ամենից շատ անհանգստացնող խնդիրների թվում առանձնացել են միգրացիան (35 տոկոս), շրջակա միջավայրը (29 տոկոս) եւ անվտանգության հարցերը (23 տոկոս): Բացի այդ, հարցվածների 46 տոկոսը նախընտրում է, որ իրենց երկրներն այլեւս փախստականների չընդունեն հակամարտությունների գոտիներից:
Նշվում է, որ հարցման մասնակիցների 45 տոկոսը համաձայնել է այն պնդմանը, որ ԱՄՆ-ը հուսալի գործընկեր չէ ԵՄ-ի անվտանգության համար: Եվրոպացիների 31 տոկոսը կարծում է, որ Չինաստանը սպառնալիք է ներկայացնում Եվրամիության անվտանգության համար, 40 տոկոսը համանման կարծիք է հայտնել Ռուսաստանի նկատմամբ:
Բացի այդ, մասնակիցների 47 տոկոսն այն համոզմունքն ունի, որ ԵՄ-ին սեփական բանակ է անհրաժեշտ ապագա մարտահրավերներին դիմակայելու համար: Հարցումն անցկացվել է ընթացիկ տարվա ապրիլի 16-ից մինչեւ 29-ը Բելգիայում, Հունգարիայում, Գերմանիայում, Իսպանիայում, Իտալիայում, Լեհաստանում, Ֆրանսիայում եւ Շվեդիայում: Դրան մասնակցել է ավելի քան 8 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: