Թուրք լրագրող Յավուզ Դեմիրաղը մահակներով ծեծի է ենթարկվել
Թուրքիայում դաժան ծեծի է ենթարկվել լրագրող, «Yeniçağ» թերթի թղթակից Յավուզ Սելիմ Դեմիրաղը։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Türkiyem TV»-ում մի հաղորդման նկարահանումից հետո տուն վերադարձող լրագրողի վրա հարձակվել է 7-8 հոգանոց մի խումբ և բեյսբոլի մականներով ծեծի ենթարկել։ Գլխի և պարանոցի շրջանում վնասվածքներ ստացած Դեմիրաղը տեղափոխվել է հիվանդանոց։
Դեմիրաղի գործընկեր Մուրաթ Ագիրելը պատմել է, որ նկարահանումից հետո ինքը Դեմիրաղին մեքենայով տուն է հասցրել։ Իրենց հետևելիս է եղել կեղծ համարանիշերով մի մեքենա։ Երբ ինքը Դեմիրաղին հրաժեշտ տալով հեռացել է, ընդամենը 2-3 րոպե հետո ավազակների խումբը հարձակվել է լրագրողի վրա։
Միջադեպին արձագանքել է ընդդիմադիր «İYİ» կուսակցության նախագահ Մերալ Աքշեները։ Նա խստորեն դատապարտել է լրագրողի դեմ կատարված հարձակումը:
«Այդ ստոր արարքն իրականում ուղղված է մամուլի և մտքի ազատության դեմ։ Սրանք մեզ չեն վախեցնի, չեն կարող վախեցնել», – գրել է Աքշեները Twitter միկրոբլոգի իր էջում: