«Որքանով ես եմ հասկացել, պարոն Իգիթյանն ընդհանրապես հիպոթետիկ էր խոսում». Ռուբեն Ռուբինյան

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը համաձայն է Արցախյան հակամարտության հրադադարի 25-ամյակի կապակցությամբ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հատուկ հայտարարության մեջ նշված մտքին, որ այսօր էլ համաձայնագիրը շարունակում է մնալ հրադադարի պահպանման միակ հիմքը։

Մեր դիտարկմանը, որ հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Իգիթյանը հայտարարել էր, որ հնարավոր է՝ Մինսկի խմբի շրջանակներում նոր փաստաթուղթ ստորագրվի, սակայն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ որևէ փաստաթուղթ օրակարգում չկա, Ռ.Ռուբինյանը պատասխանեց, որ այդտեղ հակասություն չկա:

«Հիմա, իրոք, որևէ փաստաթուղթ չի քննարկվում: Որքանով ես եմ հասկացել, պարոն Իգիթյանն ընդհանրապես հիպոթետիկ էր խոսում»,- ասաց Ռուբինյանը:

Նա հերքեց շրջանառվող լուրերը, թե «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը շատ կտրուկ է արձագանքել Իգիթյանի հայտարարությանը՝ ասելով, թե՝ «դու արել ես էդ հայտարարությունը, ինքդ էլ տակից դուրս արի»:

Կարդացեք նաև

«Սուտ է այդ տեղեկությունը»,- ասաց Ռուբինյանը:

Թե ի՞նչ է սպասվում Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումից, օրակարգային կոնկրետ ի՞նչ հարց կա, Ռ.Ռուբինյանը չհստակեցրեց և միայն ասաց. «Կարծում եմ՝ կա գործընթաց, մենք հետևողականորեն առաջ ենք տանում մեր դիրքորոշումները, և հենց այդ համատեքստում էլ պետք է դիտել այդ հանդիպումը»:

Տեսանյութեր

Լրահոս