
Բելառուսն առաջարկել է ԵԱՏՄ-ում սահմանափակել վետոյի իրավունքը

Բելառուսի Էկոնոմիկայի նախարար Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ հանրապետությունն առաջարկում է Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) սահմանել փոխադարձ առեւտրին խոչընդոտող իրավական-նորմատիվային ակտերի ընդունման մորատորիում։
«Մեխանիզմը, որը մենք (ԵԱՏՄ-ի երկրները) պայմանավորվել ենք օգտագործել խոչընդոտների վերացման շրջանակներում, այսօրվա դրությամբ գործում է շատ թույլ: 17 խոչընդոտ, որոնք մենք պետք է վերացնեինք 2018 – 2019 թվականներին, շարունակում են գոյություն ունենալ, վերացվել է սոսկ մեկը: Բելառուսական կողմը կանխատեսում է, որ շուրջ 15-ն այդպես էլ կանցնեն հաջորդ ցիկլ»,- ասել է նախարարը մայիսի 12-ին «Բելառուս-1» հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Բացի դրանից, Դմիտրի Կրուտոյը հայտարարել է, որ ԵԱՏՄ-ում երկրների վետոյի իրավունքի առկայությունը բացասաբար է անդրադառնում արգելքների վերացման վրա: «5 տարում 7 անգամ երկրներն օգտվել են այդ իրավունքից: Սկզբունքորեն նման ինստիտուտի առկայությունը չի նպաստում բոլոր խոչընդոտների վերացման ընդհանուր նպատակին: Գուցե անհրաժեշտ է սահմանել մի քանի բնագավառ, որտեղ վարչապետը չի կարող օգտագործել վետոյի այդ իրավունքը»,- նշել է Բելառուսի էկոնոմիկայի նախարարը, հաղորդել է «Ինտերֆաքս» գործակալությունը: