Բաժիններ՝

Սաուդյան Արաբիան հայտարարել է, որ իր երկու նավթային լցանավեր դիվերսիայի թիրախ են դարձել ԱՄԷ-ի ջրերում

Սաուդյան Արաբիայի էներգետիկայի, արդյունաբերության եւ հանքային պաշարների նախարար Խալեդ բեն Աբդել Ազիզ ալ Ֆալեհը հայտարարել է, որ մայիսի 12-ի առավոտյան Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) տարածքային ջրերի մերձակայքում դիվերսիայի օբյեկտ դարձած չորս առեւտրային նավերից երկուսը սաուդյան նավթային լցանավեր էին: Մայիսի 13-ին այդ մասին հայտնել է Սաուդյան մամուլի գործակալությունը։

«Երկու սաուդյան նավթային լցանավեր սաբոտաժի թիրախ են դարձել ԱՄԷ-ի բացառիկ տնտեսական գոտում,- ասված է ալ Ֆալեհի հայտարարության մեջ:- Երկու նավերից մեկը գտնվում էր ճանապարհին (սաուդյան) Ռաս Թաննուրա նավահանգստում նավթով բեռնման համար՝ Միացյալ Նահանգներ՝ Saudi Aramco-ի սպասարկյալներին հետագա առաքման նպատակով: Հարձակումը զոհերի եւ նավթի արտահոսի չի հանգեցրել, սակայն էական վնաս է հասցվել երկու նավերի կառուցվածքին», նշել է նախարարը:

Ավելի վաղ ԱՄԷ-ի արտգործնախարարությունը հավաստել է, որ նախօրյակին առավոտյան չորս առեւտրական նավեր «սաբոտաժի ակտի թիրախ են դարձել» պետության բացառիկ տնտեսական գոտում, զոհեր եւ տուժածներ, ինչպես նաեւ «վառելիքի կամ որեւէ այլ վնասաբեր սուբստանցիաների» արտահոս չեն արձանագրվել:

Երկրի իշխանությունները «ձեռնարկել են բոլոր անհրաժեշտ միջոցները» եւ սկսել են միջադեպի հետաքննությունը՝ «տեղական եւ օտարերկրյա կառույցների հետ համագործակցությամբ»: Եգիպտոսի արտաքին քաղաքական գերատեսչությունը եւ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհուրդը դատապարտել են տեղի ունեցածը, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս