
Ամենայն Հայոց Կաթողիկոսը hանդիպել է Գերմանիայի Հայոց թեմի ուխտավորների հետ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մայիսի 12-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Գարեգին Ա» կրթական կենտրոնում հանդիպում է ունեցել Գերմանիայի Հայոց թեմի քառասունհինգ ուխտավորների հետ, որոնք Սուրբ Էջմիածին էին ժամանել իրենց առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության և օծման առիթով:
Գերմանիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Սերովբե եպիսկոպոս Իսախանյանը, շնորհակալություն հայտնելով Հայոց Հովվապետին իր հայրական հոգևոր խնամքի և ուշադրության համար, Նորին Սրբությանը ներկայացրել է Գերմանիայի շուրջ տասը հայկական համայնքներից եկած ուխտավոր հայորդիներին` հայցելով Հայոց Հոր օրհնությունը:
Իր հայրական օրհնությունը բաշխելով ուխտավորներին` Վեհափառ Հայրապետն ուրախություն է հայտնել թեմակալ առաջնորդի ձեռնադրության և օծման արարողություններին նրանց ներկայության կապակցությամբ` հաստատելով, որ Գերմանիայի Հայոց թեմն ու հայկական համայնքները շնորհիվ հայորդյաց զորավոր հավատքի ավելի են զորանում և ամրապնդվում:
Գոհունակությամբ նշելով, որ թեմն ի դեմս նորաօծ Սերովբե Սրբազանի ունեցավ իր եպիսկոպոս առաջնորդը` Ամենայն Հայոց Կաթողիկոսը հորդորել է հայորդիներին զորավիգ լինել առաջնորդ Սրբազանին, նվիրումով և սիրով աջակցել նրան իր առաքելության բարեհաջող իրականացման համար ի խնդիր համայնքի և թեմի բարեզարդման ու բարգավաճման:
Վերջում Նորին Սրբությունն ուխտավորներին մաղթել է մշտապես զորանալ իրենց սրբազան հավատքի մեջ և Սուրբ Էջմիածնի մշտամնա օրհնությամբ արդյունավորել իրենց կյանքը: