Բաժիններ՝

Աննա Հակոբյանը հյուրընկալել է «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի անդամներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը մայիսի 12-ին հյուընկալել է «Ռուսաստանի Հայերի միության» (ՌՀՄ) և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամի (Фонд памяти полководцев победы)  պատվիրակությունների անդամներին` հիմնադրամի ղեկավար Նատալյա Կոնյեվայի  (Խորհրդային միության մարշալ Ի. Ս. Կոնյեվի դուստրը) գլխավորությամբ: Պատվիրակության կազմում են եղել զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ Համազասպ Բաբաջանյանի դուստրը` Լարիսա Բաբաջանյանը և թոռնուհին Մարկոս Յուլյա Միխայլովնան, Խորհրդային միության մարշալ և Լեհաստանի մարշալ Կոնստանտին Ռոկոսովսկու դուստրը` Նատաշա Ռոկոսովսկայան և ամուսինը` Ալեքսանդր Ուրբանը, Խորհրդային միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի թոռները`Կարինա Նաջարովան և Իվան Բաղրամյանը և ծոռը` Անդրեյ Զայցևը,  Խորհրդային միության մարշալ Լեոնիդ Գովորովի թոռը` Ալեքսեյ Գովորովը տիկնոջ Նատալյա Գովորովայի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Սոկոլովսկու թոռնուհին Նատալյա Սոկոլովսկայան ամուսնու` Միխայիլ Սինյուկովի հետ, Խորհրդային միության մարշալ Վասիլի Չույկովի թոռը Նիկոլայ Չույկովը, Խորհրդային միության մարշալ Սեմյոն Բուդյոննիի թոռը` Ալեքսեյ Բուդյոննին, զրահատանկային զորքերի մարշալ Օլեգ Լոսիկի թոռնուհին` Իրինա Լազարևան, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը, «Ռուսաստանի հայերի միության» փոխնախագահ Գեորգի Տեր-Ղազարյանցը, ՌՀՄ առաջին փոխնախագահ Լուսիկ Ղուկասյանը, ՌՀՄ ներկայացուցիչներ Արայիկ Թաթոյանն ու Ռազմիկ Գևորգյանը:

Ողջունելով հյուրերին, Աննա Հակոբյանը նշել է, որ իր համար մեծ պատիվ է հյուրընկալել և շփվել հերոսական ուղի անցած զինվորականների ժառանգների հետ: «Ինչպես դուք, այնպես էլ ես հպարտանում եմ այն սխրանքներով, որ կատարել են Ձեր հայրերն ու պապերը իրենց երկրի պաշտպանության համար»,- ասել է Աննա Հակոբյանը:

Թեյի սեղանի շուրջ ներկաներից շատերը պատմել են Հայաստանի ու հայերի հետ շփումների մասին իրենց հիշողություններից ու տպավորություններից:

Երբ Նիկոլայ Չույկովը ընկերներին ասել է, որ գալիս է Հայաստան և հանդիպելու է Աննա Հակոբյանին, ծանոթներից մեկի որդին` Լևոնը խնդրել է նամակ փոխանցել վարչապետ Փաշինյանին: Նամակում Լևոնը գրում է, որ երբ մեծանա անպայման վերադառնալու է և ապրի Հայաստանում:

Մարշալ Բաբաջանյանի դուստրն էլ Լարիսա Բաբաջանյանը շեշտել է, որ իրենց հայրը ծառայելով Խորհրդային միությանը` միշտ հավատարիմ է մնացել իր պատմական հայրենիքին` Հայաստանին և այդ սերը փոխանցվել է նաև իրեն ու իր զավակներին: Լարիսա Բաբաջանյանը Աննա Հակոբյանին է հանձնել Մարշալ Բաբաջանյան հոբելյանական հուշամեդալը: Ներկաները Աննա Հակոբյանին են նվիրել իրենց հայրերի ու պապերի մասին պատմող «Имена победы. Полководцы и военачальники ВОВ 1941-1945» խորագրով մատենաշարի հատորները:

«Ռուսաստանի հայերի միությունը» և «Հաղթանակի զորավարների հիշատակի» հիմնադրամը, որը միավորում է Հաղթանակի զորավարների հետնորդներին, մայիսի 12-14-ին Հայաստանում կանցկացնեն «Ճակատագրերը տարբեր են, հաղթանակը` մեկը» խորագրով համաժողով: Համաժողովի շրջանակում, մայիսի13-ին «Մոսկվայի տուն» մշակութային-գործարար կենտրոնում կկայանա Հայաստանում և Արցախում բնակվող Հայրենական մեծ պատերազմի վետարանների մեծարման արարողությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս