
«Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ, բայց կբերեմ թաղապետին». Մեր «սրտի» պատգամավորի խոստումը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Դուք մեր «սրտի» պատգամավորն եք, ողջ Հաղթանակ թաղամասը, որը կոյուղի չունի, Ձեզ է ընտրել. տեղյա՞կ եք, որ 21-րդ դարում երեւանյան մի ողջ թաղամաս ահավոր վիճակում է, դիմացն էլ ամառ է՝ հարցրինք ԱԺ «Իմ քայլի» պատգամավոր Հրաչ Հակոբյանին։ «Եթե չեմ սխալվում, դա թաղապետարանի գործառույթն է»: Նկատենք, որ Դուք Արարատի մարզպետի «գործառույթների» մասով` Ալեքսանյանի քրոջ զավակների հետ հանդիպեցիք, հարցեր լուծեցիք, իսկ Ձեր բուն ընտրողներին կարծես մոռացել եք։
Ի դեպ, Ձեր նախընտրական նկարները մինչեւ հիմա չեն հանվել, մեր պատերն ու սյուները դրանցով են դեռ զարդարված։ «Այդ թաղամասին դեռ չենք հասել. թող ամենավատ բանն էդ լինի, հա՞»: Կոյուղի՞ն նկատի ունեք, թե՞ նկարները։ «Նկարները, եւ ապա` տեսնում եք, չէ՞, նախորդ իշխանություններն ինչ իշխանություն են եղել, որ Դուք ապրում եք մի թաղում, որը կոյուղի չունի, իսկ մենք պետք է այդ հարցը լուծենք եւ կլուծենք` սիրով»:
Գիտեք` նախորդ իշխանությունն էլ էր ասում «սիրով», անգամ Սամվել Ալեքսանյանն էր խոստանում, իր զարմիկ` նախկին թաղապետն էր գալիս-գնում, եւ ոչ մի արդյունք։ «Ես նոր թաղապետին կասեմ` թող զբաղվի. թաղապետի հետ կգանք-կայցելենք թաղամաս, կհասկանանք, թե ինչ խնդիր է։ Չեմ խոստանում, որ էդ հարցը ես կլուծեմ, բայց կբերեմ թաղապետին, թող միջոցներ ձեռնարկի այդ ուղղությամբ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: