«Էս երկրում Ծառուկյանի մանդատի հարցը 150-րդական նշանակության խնդիր է. կարևոր հարցեր կան….». Գևորգ Պետրոսյան

«Էս երկրում Ծառուկյանի մանդատի հարցը 150-րդական նշանակության խնդիր է. կարևոր հարցեր կան՝ ներդրումներ պետք է արվեն, մարդկանց աշխատանքով պետք է ապահովեն, սոցիալապես անապահովների հարցերը պետք է լուծվեն: Մարդիկ սոված մեռնում են, սրա մասին պետք է մտածեն»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ անդրադառնալով ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթացի մասին դիմումին։

Գ. Պետրոսյանը նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին ամենաքիչն է պետք պատգամավորական մանդատը. «Նկատի ունեմ այն առումով, որ նա մանդատով չի հայտնի դարձել, մանդատով չի տարբեր երկրներում այդ հեղինակությունը վայելում»։

Հիշեցնենք, որ ապրիլի 29-ին «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը՝ ի դեմս գործադիր մարմնի քարտուղար Սուրեն Սահակյանի, դիմում էր ներկայացրել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ապրիլի 19-ին «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկման ժամանակ ԱԺ նիստերի դահլիճում և դրանից դուրս լրագրողների հետ շփումներում հնչեցրած հայտարարությունների հետ կապված քրեական հետապնդում հարուցելու և ԲՀԿ խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց սկսելու հարցով՝ հաշվի առնելով պատգամավորի ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու արգելքը։

Ավելի վաղ գլխավոր դատախազը լրագրողներին տեղեկացրել էր, որ Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացրած հաղորդումն ուղարկել է Հատուկ քննչական ծառայություն։

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս