Բաժիններ՝

Քաղաքացին պետք է սկսի լավ ապրել՝ նաև աշխատավարձերի բարձրացման միջոցով. Պատգամավորը՝ քաղաքապետարանում աշխատավարձերի հնարավոր բարձրացման մասին

Հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել՝ այդ թվում աշխատավարձի բարձրացման միջոցով, եթե նման հնարավորություն կա: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը, անդրադառնալով Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների աշխատավարձերի բարձրացման թեմային, նշեց՝ փորձ է կատարվել գաղտնի պարգևատրումների, հավելավճարների փոխարեն որդեգրել ավելի թափանցիկ համակարգ:

«Երևանի ավագանին քննարկել է նախագիծն ու հետ է կանչել այն: Հստակ ասվել է, որ մենք կառուցելու ենք արժանի երկիր, արժանի քաղաքացիների համար՝ հնարավորինս բարձր աշխատավարձով: Ում է պետք ապահովել հարկային մուտքերի ավելացումը, եթե դրա արդյունքում քաղաքացին չպետք է ավելի լավ ապրի: Պետական կառավարման համակարգում աշխատավարձերը թե նախկինում, թե հիմա, բավականին ցածր են: Այս ամբիոնից չեմ ներկայացնի, թե նախկինում այս հարցը ինչպես է լուծվել: Հիմա փորձ է կատարվել գաղտնի պարգևատրումների, հավելավճարների փոխարեն որդեգրել ավելի թափանցիկ համակարգ: Իհարկե, այդ համակարգը կարող է ունի որոշակի խնդիրներ, գուցե ժամանակավրեպ էր, գուցե այս պահին չպետք է ներկայացնել, մենք այդ ամենը հասկանում են, սակայն սրա հետ զուգահեռ, չպետք է մոռանանք, որ հեղափոխության կարևորագույն նվաճումներից մեկը պետք է լինի այն, որ ՀՀ քաղաքացին սկսի լավ ապրել, այդ թվում՝ աշխատավարձի բարձրացման միջոցով, եթե նման հնարավորություն կա»,-ասաց Վարդանյանը:

Ավելի վաղ իր ելույթում Լուսավոր Հայաստան խմբակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը նշել էր, որ պետական պաշտոնյաները պետք է ստանան բարձր աշխատավարձ և այդ ոլորտում պետք են բարձր որակի կադրեր: Սակայն Գորգիսյանը շեշտել էր, որ քաղաքապետի աշխատավարձը չի կարող լինել ավելի բարձր, քան ԱԺ նախագահինը, թաղապետերը չեն կարող ԱԺ նախագահին հավասար աշխատավարձ ստանալ: «Եվ այո, չեն ստանալու, որովհետև ավագանու մեր 3 հոգանոց խմբակցությունը կարողացավ այս հարցը բարձրացնել և հասնել նրան, որ այդ խայտառակ նախագիծը դուրս գա»,-ասել էր Գորգիսյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս