
ԱՄՆ-ի պետքարտուղարը մայիսի 14-ին Սոչիում հանդիպում կունենա Լավրովի և Պուտինի հետ. Պետդեպ

ԱՄՆ-ի պետքարտուղար Մայքլ Փոմպեոն մայիսի 12-ին այցով կուղեւորվի Մոսկվա, այնտեղից էլ՝ Սոչի, որտեղ մայիսի 14-ին պլանավորված են նրա բանակցությունները ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ, եւ որտեղ նա հույս ունի, որ իրեն կընդունի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը: Այդ մասին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը:
«Պետքարտուղար Փոմպեոն կուղեւորվի Սոչի, Ռուսաստան, եւ մայիսի 14-ին հանդիպում կունենա Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ՝ քննարկելու մի ամբողջ շարք երկկողմ ու բազմակողմ մարտահրավերներ»,-նշվում է փաստաթղթում:
Մայիսի 13-ին Փոմպեոն Մոսկվայում հանդիպում կունենա ԱՄՆ-ի դեսպանության աշխատակիցների, ամերիկյան գործարար հանրակցության ներկայացուցիչների եւ ամերիկացի ուսանողների հետ:
«Պետքարտուղար Փոմպեոն ծաղկեպսակ կդնի Անհայտ զինվորի շիրիմին»,-հայտնել է Պետդեպարտամենտը: Ինչպես նշվել է Ռուսաստանի ԱԳ նախարարության՝ մայիսի 8-ին տարածված հաղորդագրության մեջ, Լավրովը Փոմպեոյի հետ ՌԴ նրա այցի ընթացքում քննարկելու է երկկողմ հարաբերությունները, Վենեսուելայի, Սիրիայի եւ Ուկրաինայի իրադրությունը:
Սոչիում հանդիպման շուրջ պայմանավորվածությունը ձեռք է բերվել դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների՝ Արկտիկական խորհրդի նիստի շրջանակներում մայիսի 6-ին Ռովանիեմիում կայացած բանակցությունների ընթացքում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: