Բաժիններ՝

Մալայանում հիվանդների մոտ բարդություններ առաջացրած դեղը դեռ չի ենթարկվել փորձաքննության

Հայաստանի Հանրապետության Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնը դեռևս չի իրականացրել «Ավաստին» դեղամիջոցի փորձաքննությունը, որի ներարկումից հետո Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող հինգ հիվանդների մոտ բարդություններ են առաջացել: «Արմենպրես»-ի հետ զրույցում Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Լևոն Մելիքյանն ասաց, որ դեղի նմուշներ դեռևս չեն բերվել իրենց կենտրոն: «Ես երեկ փոխնախարարի հանձնարարությամբ եղել եմ Մալայանի ակնաբուժական կենտրոնում, բայց քանի որ ոչ աշխատանքային օր էր, բժշկուհին ասաց, որ մենք ձեզ կամ առողջապահության նախարարություն դեղերի նմուշները քիչ ուշ կներկայացնենք»,-պարզաբանեց նա:

Ավելի վաղ ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնել էին, որ դեղի ներարկումից հետո Մալայանի ակնաբուժական կենտրոնում բուժում ստացող պացիենտների մոտ ախտորոշվել է հետսրսկումային ինֆեկցիոն ախտահարում։ Հիվանդները վիրահատվել են։

Գերատեսչությունից հերքել են նաև հիվանդների տեսողությունը կորցնելու լուրը: «Դեղորայքային միջամտություն է արվել, որից հետո պացիենտները դիմել են գանգատով։ Պարզվում են դրա պատճառահետևանքային կապերը։ Առողջապահության նախարարությունը տեղյակ է Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում տեղի ունեցած միջադեպից։

Նախարար Արսեն Թորոսյանի հանձնարարությամբ՝ տեղակալ Լևոն Հակոբյանն այցելել է կենտրոն և տեղում ծանոթացել իրավիճակին։ Փոխնախարարը հանդիպել է պացիենտներից մեկին, խոսել է բուժող բժշկի և բաժանմունքի վարիչի հետ. նրանք հերքել են կուրության լուրը։ Նրանց ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն և առողջությանը վտանգ չի սպառնում»,-տեղեկացրել են նախարարությունից։

«Նատալի ֆարմ» ընկերությանը, որպես «Ավաստին» դեղամիջոցը ներկրող ընկերություն, հայտարարություն էր տարածել, որ շվեյցարական «Ռոշ» ընկերության դեղամիջոցը ըստ ՀՀ-ում գրանցված կիրառման ցուցումների՝ նախատեսված չէ ներակնային ներարկման համար և, եթե բժիշկը ստանձնում է դրա ներարկումը, ապա ինքն է ամբողջությամբ կրում բոլոր բարդությունների և կողմնակի ազդեցությունների պատասխանատվությունը։

«Դեղի մեկ սրվակի պարունակությունը կարող է կիրառվել մի քանի հիվանդի համար, սակայն, դեղը պետք է կիրառել անմիջապես սրվակը բացելուց հետո և դեն նետել։ Եթե պրոցեդուրան չի արվել նույն պահին, այլ դեղը կիրառվել է մի քանի օրվա ընթացքում, ապա, այո, բաց սրվակի մեջ կարող էր ինֆեկցիա փոխանցվել։ Նշված հետազոտությունը, հավանաբար, արվել է հենց տվյալ բաց սրվակից, սակայն, փակ սրվակն ուսումնասիրելու պարագայում եթե կրկին հաստատվի վարակի առկայությունը, ինչը քիչ հավանական է՝ հաշվի առնելով դեղն արտադրող ընկերության բարձր վարկանիշն ու փորձը, ապա անհրաժեշտ կլինի խնդիրը ներկայացնել ոչ թե «Նատալի ֆարմ» ընկերությանը, այլ անմիջապես դեղն արտադրողին՝ շվեյցարական «Ռոշ» ընկերությանը։ Ցանկացած դեպքում «Նատալի ֆարմ» ընկերությունը ոչ մի պատասխանատվություն չի կրում, քանի որ այն հանդիսանում է զուտ ներկրող ընկերություն»,-նշել են «Նատալի ֆարմ»-ից:

ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ վերոնշյալ հրապարակումների հիմքով տեսչական մարմնում հարուցվել է վարչական վարույթ՝ «Ս. Վ. Մալայանի անվան ակնաբուժական կենտրոն»-ում զննում իրականացնելու նպատակով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս