Բաժիններ՝

Բենզինի շուկայում ովքե՞ր են գերիշխող, ի՞նչ քաղաքական կերպարներ կան… Գեղամ Գևորգյանը ժամանակ խնդրեց հարցերին պատասխանելու համար

Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերջերս ընտրված նախագահ Գեղամ Գևորգյանն այսօր լրագրողների հետ զրույցում դժվարացավ նշել, թե բենզինի շուկայում ովքե՞ր են գերիշխող դիրք զբաղեցնում, ի՞նչ քաղաքական կերպարներ կան, որոնց մասին նիստում խոսել է ՀՀ վարչապետը, խոշոր ընկերությունները մե՞կ աղբյուրից են ներկրում բենզինը։

«Հենց ուսումնասիրություն լինի, կասեմ, էս պահին չեմ կարող»,- ասաց Գ.Գևորգյանը՝ նշելով, որ դրա համար 1-2 ամիս անհրաժեշտ է։

Նա հավաստիացրեց, որ բենզինի և գազի շուկան գտնվում է ուշադրության կենտրոնում, և իրենք կփորձեն համապարփակ լուծում տալ.

«Նախ՝ շուկան մանրամասն կուսումնասիրենք, որտեղ կան խնդիրներ, այդ խնդիրները կբարձրացնենք, եթե կան խախտումներ, չարաշահումներ, դրանք համաչափ կենթարկենք պատասխանատվության»։

168.am-ի հարցին՝ կարտելային համաձայնության վտանգ տեսնո՞ւմ եք, Գևորգյանը պատասխանեց, թե կարտելային համաձայնությունները, թերևս, ամենադժվար խնդիրներն են.

«Եթե կա ապրանքային շուկա, որտեղ կտեսնենք, որ կա պայմանավորվածություն, որ նման կասկած կունենանք, մենք շատ դանդաղ, բայց շատ մանրամասն դրանք կուսումնասիրենք, ու, հավատեցեք, դրանք առաջնային մեր ուշադրության կենտրոնում են լինելու»։

Գ.Գևորգյանը նկատեց, թե նոր է նշանակվել պաշտոնում. «Դուք հասկանո՞ւմ եք՝ ընթացիկ ինչքան բողոք ու դիմում ա եղել, որ մենք վարույթ ենք ընդունել։ Բա ՏՄՊՊՀ-ն հո մենակ բենզինով չի՞ զբաղվում։ Դուք հասկանում եք, չէ՞, որ տնտեսվարող սուբյեկտներն անդադար իրար հետ մրցակցության այս կամ այն խախտման համար մեզ դիմում են։ Ես էս մի քանի շաբաթվա ընթացքում 20-ից ավելի բողոք ու վարույթ եմ ունեցել»։

 Մանրամասները՝ տեսանյութում

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս