
G7-ի երկրները հունիսին կանցկացնեն կիբեռգրոհների դիմագրավման համատեղ վարժանքներ

G7-ի երկրները հունիսին կանցկացնեն կիբեռտարածության սպառնալիքների դիմագրավման, ինչպես նաեւ տեղեկատվական պաշտպանության մեխանիզմների կատարելագործման համատեղ վարժանքներ: Այդ մասին մայիսի 10-ին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Բրյունո լե Մերը՝ ելույթ ունենալով ֆինանսական ոլորտի տեղեկատվական անվտանգությանը նվիրված խորհրդաժողովի բացմանը:
«Այս տարի լինելով G7-ի նախագահը, մենք որոշեցինք հաջորդ ամսին կիբեռճգնաժամի մոդելավորմամբ անդրսահմանային վարժանքներ անցկացնել միավորման երկրներում,-ասել է նա:-Ես վստահ եմ՝ մենք կկարողանանք շատ բան քաղել այդ վարժանքներից եւ միասին բարելավել մեր կայունությունը նման սպառնալիքների նկատմամբ»:
Նախարարը հայտարարել է, որ տեղեկատվական տարածության սպառնալիքների դեմ իրապես արդյունավետ կարելի է պայքարել միայն գլոբալ մակարդակով, ուստի «այն սկզբունքները, որոնք մշակվում են G7-ի ներսում, պետք է ընդունվեն ավելի լայն շրջանակի երկրների կողմից»: «G20-ը որպես առաջին քայլ, իսկ հետո մնացածը՝ որպես երկրորդ քայլ»,-պարզաբանել է նա, նշելով, որ հանցագործները սողանցքեր են փնտրելու առավել քիչ պաշտպանված երկրների համակարգերում, հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: