Հայաստանի ամերիկյան համալսարանը նոր նախագահ ունի

Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) նախագահի պաշտոնը 2019թ.-ի հուլիսի 1-ին կստանձնի Կարին Մարկիդեսը՝ հաջորդելով ներկայիս նախագահ  Արմեն Տեր Կյուրեղյանին:

Կարին Մարկիդեսն ունի ակադեմիական հարուստ փորձ: Նա դոկտորի գիտական աստիճանը ստացել է Ստոկհոլմի համալսարանում 1984թ.-ին, որից հետո սկսել է իր հետազոտական կարիերան Յուտայի Բրիգհեմ Յանգ համալսարանում՝ որպես գիտությունների դոկտոր, այնուհետև՝ հետազոտող օգնական և փոխտնօրեն:  1990թ.-ի մայիսին վերադարձել է Շվեդիա՝ որպես Ուպպսալայի համալսարանի Քիմիայի և Քիմիական ճարտարագիտության  ամբիոնի պրոֆեսոր և դեկան: 2003-2004թթ․ որպես այցելող պրոֆեսոր դասախոսել է Սթենֆորդի համալսարանի քիմիայի բաժնում։ Վերադառնալով Սթենֆորդից՝ Մարկիդեսը դարձել է Վիննովայի՝ Շվեդական նորարարական գործակալության փոխտնօրեն: Հետագայում Մարկիդեսն ընտրվել է Չալմերսի տեխնոլոգիական համալսարանի նախագահ, իսկ 2015թ.-ից նա հանդիսանում է Շվեդիայի կառավարության հովանու ներքո գործող Կայուն զարգացման գիտական խորհրդի նախագահ:

Կարին Մարկիդեսը մեծ կարևորություն է տալիս Հայաստանի յուրահատուկ աշխարհաքաղաքական դիրքին: «Հայաստանը արևելքի և արևմուտքի խաչմերուկում է, ինչը կարող է շատ արժեքավոր լինել, եթե հարևան երկրների լավագույն կադրերը Հայաստանը դիտարկեն՝ որպես տարբեր մշակույթներ և ուղեղներ կապող օղակ: Ես կարծում եմ, որ այս առանձնահատկության շնորհիվ Հայաստանը կարող է գրավել շատերի ուշադրությունը, թե՛ Եվրոպայից, Ռուսաստանից և Չինաստանից, թե՛ որևէ այլ երկրից»,-նշել է նաև:

Ինչ վերաբերում է ՀԱՀ-ի իր տեսլականին և Հայաստանի համար համալսարանի դերին, ապա Կարին Մարկիդեսը կցանկանար, որ ՀԱՀ-ը  երկրի վերափոխման գործում է՛լ ավելի մեծ դեր ունենա՝ միավորելով բարձրագույն կրթության, մասնավոր ու հանրային ոլորտների ներկայացուցիչներին և հնարավոր դարձնելով մեծ ներուժ ունեցող և մարտահրավերներով լի նոր ոլորտներում  փոխակերպիչ ազդեցության հասնելը: Այս ոլորտներում ՀԱՀ-ը կզարգացնի մարդկանց հմտությունները համատեղ գործունեության համար ու կխթանի կապը երկրի քաղաքային և գյուղական շրջանների միջև՝ միաժամանակ մեծացնելով միջազգային հանրության ուշադրությունը: Կարին Մարկիդեսը ծրագրում է ՀԱՀ-ի հետ կիսել նորարարությունների և տեխնոլոգիաների ոլորտում իր փորձառությունը:

Տեսանյութեր

Լրահոս