«Որևէ ճանապարհ չի փակվել, սովորական ռեժիմով է երթևեկել վարչապետը». Վլադիմիր Կարապետյան
«Վարչապետն այսօր առավոտյան աշխատանքի է գնացել հեծանիվով» տեսանյութը լրատվական դաշտում և սոցիալական ցանցերում մեծ ուշադրության ու տարաբնույթ մեկնաբանությունների արժանացավ։
168.am–ի հարցին` արդյո՞ք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու ավտոշարասյան համար ճանապարհներ չեն փակվել՝ հաշվի առնելով տեսանյութում փողոցի դատարկությունը, Վարչապետի մամուլի խոսնակ Վլադիմիր Կարապետյանը պատասխանեց.
«Նախ ուզում եմ նկատել, որ 7։30 վարչապետը գնաց աշխատանքի, և նկատեցի, որ սովորականից ազատ էին ճանապարհները։ Որևէ ճանապարհ չի փակվել, սովորական ռեժիմով է երթևեկել վարչապետը, ու դրա մասին էլ ինքն ասել է մամուլի ասուլիս ժամանակ, որ ճանապարհներ չեն փակվում…։ Այսինքն՝ նույն կերպով բոլոր կանոներին համապատասխան ժամանել է իր աշխատավայր»։
Օրինակա՞ն է նման երթևեկությունը մեր երկրում՝ 168.am-ի հարցին ի պատասխան Վլադիմիր Կարապետյանն արձագանքեց՝ խոստանալով ճշտել այն. «Մնացած մանրամասները կճշտեմ»։
Հարցին, թե ինչո՞ւ է այսօր տարածվող տեսանյութը Կառավարության յութուբյան ալիք ներբեռնվել մայիսի 9-ի ամսաթվով, Կարապետյանն արձագանքեց զարմանքով.
«Ձեզ տեղյակ եմ պահում՝ դա եղել է այսօր առավոտյան»։
Զարուհի Դիլանյան