Պենտագոնը և Սեուլը համաձայնել են ԿԺԴՀ-ի կողմից հրթիռների փորձարկումների գնահատման հարցում
ԿԺԴՀ-ի կողմից մայիսի 9-ին փորձարկված հրթիռները հաղթահարել են 300-ից ավելի կիլոմետր, ընդ որում թռել են բալիստիկ հետագծով: Այդ մասին հայտարարել են Պենտագոնում:
Պետագոնի ներկայացուցիչ Դեյվ Իսթբեռնը հայտարարության մեջ պարզաբանել է, որ Հյուսիսային Կորեան փորձարկել է «մի քանի բալիստիկ հրթիռ», որոնք ի վերջո ընկել են օվկիանոսը: Հարավային Կորեայի «Ռյոնհապ» գործակալությունը նշում է, որ այդ գնահատումը խիստ չի տարբերվում Սեուլի տվյալներից: Հարավային Կորեայի զինվորական հրամանատարության վարկածով՝ խոսքը վերաբերում է փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների. մեկը թռել է 270 կիլոմետր, իսկ երկրորդը՝ 420 կիլոմետր:
ԿԺԴՀ-ում բալիստիկ հրթիռների արձակումները ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերի խախտում են: Մայիսի 9-ին հայտնի է դարձել, որ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունն անձամբ է հրաման տվել «մեծ հեռահարության զենքի» փորձարկման զինավարժությունների մեկնարկի մասին: Ենթադրվում է, որ հենց այդ զինավարժանքների ընթացքում էլ կատարվել են հրթիռների արձակումները:
Դիտորդները կարծում են, որ այդ փորձարկումներն այն բանի նշանն են, որ Փհենյանում դժգոհ են ԱՄՆ-ի հետ Կորեական թերակղզու միջուկազերծման շուրջը բանակցություններում առաջընթացի բացակայությունից, հաղորդել է «Ինտերֆաքսը»: