«Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը մայիսի 13-ին Բրյուսելում մասնակցելու է ԵՄ Հարեւանության ծրագրի 10-ամյակի հոբելյանական նիստին, որի շրջանակներում սպասվում է, որ կնքվելու է ԵՄ-Ադրբեջան համապարփակ համաձայնագիրը:

Հայաստանյան փորձագիտական շրջանակները լուրջ անհանգստություն ունեն, որ համաձայնագրի պրեամբուլայում չեն նշվի ղարաբաղյան խնդրին առնչվող հելսինկյան 3 կարեւորագույն սկզբունքները, ինչն առկա է Հայաստանի հետ կնքված համաձայնագրում։

ԱԺ ուժերից «Լուսավոր Հայաստանն» ունի՞ նման մտահոգություն, Դուք այդ կողմերում «կռված» եք՝ հարցրինք Էդմոն Մարուքյանին։

«Որքանով որ ինձ է հասանելի, որքանով ես հետեւում եմ այդ գործընթացին` կարծում եմ, որ մեր ԱԳՆ-ն, բրյուսելյան դեսպանատունը, դիվանագիտական կորպուսը պետք է որ լրջագույն աշխատանք տարած լինեն, որ համաձայնագրերում Արցախին վերաբերող դրույթները չտարբերվեն, իսկ թե վերջնական տարբերակում տարբերվում են, թե ոչ` ինֆորմացիայի չեմ տիրապետում»:

Կարծում եք, որ նման աշխատանքներ տարվե՞լ են հայկական կողմից, որովհետեւ ձայն-ծպտուն այդ առնչությամբ չկա։

«Հիմնականում նման աշխատանքները լուռ են տարվում»:

Իսկ եթե իրականանան փորձագետների կասկածները… «Հույս ունեմ, որ այդպես չի լինի, հակառակ դեպքում դա կլինի մեր դիվանագիտական ծառայությունների խոր ֆիասկոն»:

Իսկ ԼՀԿ-ն համաձա՞յն է ռուս փորձագետների հետ, որ Փաշինյանն «ամերիկամետ» է։ «Նիկոլ Փաշինյանը պրոհայկական գործիչ է. ո՛չ ամերիկամետ է, ո՛չ ռուսամետ»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս