Հսկայական` ավելի քան 58 մլն դրամի պարգևատրումներ՝ երևանցիների գրպանից
Մինչ այս պահին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 100 կետերով «փաստեր» է ներկայացնում այն մասին, թե իշխանության գալու մեկ տարվա ընթացքում իր կողմից տրված խոստումներից որոնք են արվել և որոնք պետք է արվեն՝ սկսած բանակում զինվորների սննդակարգում վարունգ-պոմիդորի, մեղրի, խոզի ճարպի ավելացումից՝ մինչև երջանկության ինդեքս, մեր ձեռքին հետաքրքիր փաստեր են հայտնվել։
Ներկայացված փաստաթղթերով հայտնի են դառնում 2019թ. Երևանի քաղաքապետարանի աշխատակիցների և վարչական շրջանների ղեկավարների պարգևատրումների չափերը։
Օրինակ, Երևանի վարչական բոլոր 12 շրջանների ղեկավարները՝ թաղապետերը, պարգևատրվել են 840.000-ական դրամներով։ Ընդհանուր կազմել է 10.080.000 դրամ։
Քաղաքապետի տեղակալները և որոշ վարչության պետեր, քաղաքապետի մամուլի քարտուղարը և այլք՝ ևս 840.000-ական դրամներով են պարգևատրվել, քաղաքապետի տեղակալների որոշ օգնականներ՝ 300-500.000 դրամներով, և այլն։
Ըստ մեր աղբյուրների՝ քաղաքապետ Հայկ Մարությանն այս անգամ իրեն չի պարգևատրել։
Զարմանալի է, սակայն, ըստ այս ցուցակի, ապրիլին քաղաքապետարանից ամենաբարձր պարգևատրում ստացած անձը քարտուղարության պետ Արթուր Մկրտչյանն է. նա ստացել է 1.060.000 դրամ:
Պարգևատրվել են ընդհանուր թվով 130 անձինք, ընդհանուր գումարը կազմել է 58.496.625.00 դրամ:
Հիշեցնենք, որ այս պահին էլ Երևանի ավագանու արտահերթ նիստն է ընթանում։ Քաղաքապետ Հայկ Մարությանի գլխավորությամբ «Իմ քայլը» խմբակցությունը նախատեսում է ընդունել հաստիքացուցակների փոփոխության մասին որոշումը, որի համաձայն՝ քաղաքապետարանի, այդ թվում՝ վարչական շրջանների աշխատակիցների աշխատավարձերը կբարձրանան միջինը 28-30 տոկոսով:
Նոր այդ նախագծով Հայկ Մարությանը նախկին 575 հազար դրամի փոխարեն՝ կստանա ամսական 1 միլիոն 200 հազար դրամ՝ 2500 դոլար, ճիշտ այնքան, որքան երկրի վարչապետի աշխատավարձն է։ Քաղաքապետարանի վարչությունների պետերը նախկին 346 հազարի փոխարեն՝ կստանան 641 հազար, վարչական շրջանների ղեկավարները 400 հազարի փոխարեն՝ կստանան 773 հազար դրամ, իսկ նրանց տեղակալները 346 հազարի փոխարեն՝ 668 հազար։ Ի դեպ, քաղաքապետարանի հաստիքացուցակն էլ իր հերթին է աճելու. նախկին 1998 հաստիքի փոխարեն՝ 2124,5 հաստիք կունենան։
Երեկ երեկոյան հայտնի էր դարձել, որ Երևանի ավագանու ֆինանսաբյուջետային հանձնաժողովը բացասական եզրակացություն է տվել աշխատավարձերի բարձրացման նախագծին։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել էր Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը։ 168.am-ի հետ զրույցում վերջինս նշել էր, որ 10 հոգի էր նիստին քվեարկում։ Ձայների հարաբերակցությունը հետևյալն էր` 5 կողմ, երկու դեմ, երեք ձեռնպահ։ Այսպիսով կողմերը չունեցան մեծամասնություն, ու նախագիծը բացասական եզրակացության արժանացավ։
Հ.Գ. Հրապարակումը պատրաստելուց հետո հայտնի դարձավ, որ աշխատավարձերի բարձրացման մասին նախագիծը հանվել Երևանի քաղաքապետարանի այսօրվա նիստի օրակարգից: