Մանվել Գրիգորյանի քրեական գործում կա միջամտություն. փաստաբան
ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը հավատում է ՀՀ վարչապետի այն պնդումներին, որ չի միջամտում դատական գործերին։ Բայց միևնույն ժամանակ, տեսնելով այն անօրինականությունները, ընտրովի արդարադատությունը, որը տեղի է ունենում որոշ քրեական գործերում, ասում է, որ կա միջամտություն, հակառակ պարագայում՝ դատարանը պարտադրված կլիներ իրականացնելու արդարադատություն: Բացի այդ, ըստ նրա՝ վարույթ իրականացնող մարմինը, ի դեմս ՀՔԾ-ի, տեսնելով, որ Մանվել Գրիգորյանը պատրաստ է կատարել հարկային պարտավորությունները, գործը կկարճեր, սակայն այդ քայլին չգնաց և գործն ուղարկեց դատարան։
Ինչ վերաբերում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին և այն հայտարարություններին, որ Մանվել Գրիգորյանի քաղցկեղը բուժվել է, Լևոն Բաղդասարյանը նկատեց՝ գիտությանը դեռ հայտնի չէ գոնե մեկ դեպք, երբ մարդուն վիրահատում են ու թոքը հեռացնում, հետո այն աճում է։
«Իմ պաշտպանյալը բուժվում է քաղաքացիական հիվանդանոցում, օրը ստանում է 120 միավոր ինսուլին, արյան մեջ գլյուկոզան 19-20-ից չի իջնում»,- շեշտեց փաստաբանը։
168.am–ը Լևոն Բաղդասարյանից հետաքրքրվեց, թե Մանվել Գրիգորյանը շարունակո՞ւմ է մնալ այն կարծիքին, որ Հայաստանի դեմ բողոք չի ներկայացնի ՄԻԵԴ։
«Ես և իմ գործընկերները Մանվել Գրիգորյանին ներկայացրել ենք, որ այս առաջին դատական նիստը, որով պաշտպանին անգամ չթույլատրեցին ներկա գտնվելու և իր կարծիքը հայտնելու, կոպիտ խախտում էր, և որոշել ենք դիմել ՄԻԵԴ։ Կարծում եմ՝ կդիմենք»,- շեշտեց փաստաբանը։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում
Զվարթ Խաչատրյան