«Պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի կամ թավշյա Ստալինի հայտնությանը, հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու». Ստեփան Դանիելյան

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Մտնում ենք նոր փուլ։

Հեղափոխությունը Հայաստանում թավշյա էր՝ լղոզված և գաղափարապես տարերային, սակայն դասական հեղափոխությունների կանոնները ոչ ոք չի չեղարկել, թեկուզ դրանց թավշյա կատարմամբ։

Հեղափոխականները երկու մասի են բաժանվել՝ նրանք, ովքեր իրենց վրա պատասխանատվություն են կրում և նրանք, ովքեր կառավարության համար պատասխանատու չեն։

Երկրորդ հատվածը հեղափոխության շարունակությունն է ուզում՝ ռեպրեսիաներ, ցնցումներ և այլն։ Դրանց պայմանականորեն անվանենք լիբերալ-տրոցկիստներ։ Այդ հատվածին հեղափոխության շարունակությունը պետք է, որովհետև առանց դրա նրանք տեղ չունեն քաղաքական դաշտում (գուցե առհասարակ որևէ տեղ չունեն), նրանց մարգինալացում է սպառնում։

Մյուս հատվածը, որը կառավարման համար պատասխանատվություն է ստանձնել, ցանկանում է սահմանափակել լիբերալ-տրոցկիստների ախորժակները, որովհետև հասկանում է, որ շուտով պետք է հանրությանը հաշվետվություն ներկայացնի, թե ինչ արդյունքներ ունեն, իսկ դրա համար պետք է պետականաշինությամբ զբաղվել, ինչին խանգարում է հեղափոխականների լյումպեն հատվածը, որից պետք է ձերբազատվեն։

Սա է «հեղափոխականների» այսօրվա տրոհման հիմնական բաժանարար գիծը։

Տրամաբանորեն, պետք է պատրաստվել թավշյա Նապոլեոնի, կամ թավշյա Ստալինի հայտնությանը, որը կսկսի թավշյա ռեպրեսիաները։ Հարցը այն է, թե ով է այդ անձը լինելու և ինչ քաղաքական պլատֆորմով է ներկայանալու»:

Տեսանյութեր

Լրահոս