Գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի. Աղաջանյանը՝ Սանասարյանի գործի մասին
Վարչապետ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը խորհուրդ է տալիս սպասել Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանի նկատմամբ հարուցված քրեական գործի ավարտին, որից հետո միայն հետևություններ անել:
«Հաշվի առնելով, որ գործը նախաքննական փուլում է, այս փուլում տեսակետ հայտնելը սխալ կլինի: Պետք է բոլորս սպասենք գործի ավարտին և, ըստ այդմ, հետևություններ անենք: Եթե որևէ մեկն ապօրինություն է գործել, ապա միանշանակ է, որ պետք է պատասխանատվության ենթարկվի: Ձևակերպումների մասով պետք բոլորս զգույշ լինենք: Անկախ ընկերական հարաբերություններից, եթե որևէ մեկը մեր թիմից ապօրինություն է գործել, պետք է օրենքի ամբողջ ուժով պատասխանատվություն կրի»,- ասաց Էդուարդ Աղաջանյանը՝ «քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նիստից հետո լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ այս հարցում ՔՊ-ում առկա է կոնսենսուս:
Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունը 2019 թվականի ապրիլի 18-ին Պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանին մեղադրանք է առաջադրել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ (Պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի համաձայնությամբ քննիչի կողմից 18.04.2019թ. որոշում է կայացվել ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի պաշտոնավարությունը ժամանակավոր դադարեցնելու մասին: Դավիթ Սանասարյանի պաշտպանները միջնորդություն են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազին՝ Դավիթ Սանասարյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը դադարեցնելու վերաբերյալ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է ապահովել ԴավիթՍանասարյանի՝Պետական վերահսկողական ծառայության պետի պաշտոնավարությունըժամանակավոր դադարեցնելու մասին որոշման կատարումը, սակայն չի պատրաստվումպաշտոնանկ անել՝հարգելով անմեղության կանխավարկածը: