Բաժիններ՝

Հայաստանը և ԱՄԷ-ն պատրաստ են ակտիվացնել բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցությունը

Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը մայիսի 2-ին ընդունել է Հայ-էմիրաթական միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ, Արաբական Միացյալ Էմիրությունների պետնախարար Ահմեդ Ալի Ալ-Սայեղին:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, ողջունելով հյուրին՝ նախարար Մնացականյանն ընդգծել է, որ վերջին շրջանում հայ-էմիրաթական հարաբերություններում արձանագրված դինամիկան, առկա բարձր քաղաքական երկխոսությունը և պարբերական բարձրաստիճան փոխայցելություններն ամուր հիմք են հանդիսանում երկու բարեկամ երկրների միջև ձևավորված բազմաոլորտ համագործակցության առավել զարգացման համար: ԱԳ նախարար Մնացականյանը համոզմունք է հայտնել, որ երկկողմ օրակարգի ընդլայնման ուղղությամբ գործադրվող ջանքերը հնարավորություն են ընձեռում շոշափելի արդյունքներ գրանցել նաև համագործակցության այլ ոլորտներում:

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ այսօր մեկնարկած հայ-էմիրաթական միջկառավարական հանձնաժողովի անդրանիկ նիստի անցկացումը նոր լիցք կհաղորդի երկկողմ տնտեսական հարաբերությունների առավել ամրապնդմանը: Որպես համագործակցության առաջնային ուղղություններ առանձնացվել են ֆինանսական, առևտրա-տնտեսական, սննդի ապահովության և գիտակրթական ոլորտները: Երկուստեք կարևորվել է նաև բիզնես ոլորտի ներկայացուցիչների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն իր զրուցակցին ներկայացրել է կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների լայն օրակարգը, որի առանցքը նորարարության և տեխնոլոգիական առաջընթացի վրա հիմնված տնտեսության խթանման համար բարենպաստ միջավայրի ձևավորումն է: Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկելու բարձր տեխնոլոգիաների և ստեղծագործ կրթության ոլորտներում համագործակցության ակտիվացման ուղղությամբ:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև միջազգային և տարածաշրջանային մի շարք հարցերի շուրջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս