Բաժիններ՝

«Գոհ կլինենք, երբ ամբողջովին հարցը լուծվի, և մենք կարողանանք աշխատել». Տնտեսվարող

Այսօր կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա իրականացնող շրջիկ սրճարանների ներկայացուցիչներին ընդունել է ՀՀ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը:

Ցուցարարներից Դավիթ Գևորգյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ իրենք ներկայացրել են իրավիճակը, Սարգսյանը խոսք է տվել այն ներկայացնել վարչապետին և նրա կարծիքի մասին տեղեկացնել տնտեսվարողներին:

Քաղաքապետարանը, հիշեցնենք, բոլոր շրջիկ սրճարանները հոսանքազրկել է:
Հարցին՝ գործադիրում տեղյակ չէի՞ն քաղաքապետարանի որոշման և տնտեսվարողների դժգոհության մասին, Դ. Գևորգյանը պատասխանեց.

«Որոշ մասով տեղյակ էին, որոշ մասով՝ ոչ: Ավելի շատ քաղաքապետարանի սուբյեկտիվ կողմից էին մոտեցել՝ մյուս կողմին չլսելով: Հիմա ավելի լավ են պատկերացնում իրավիճակը: Կարծում ենք՝ վարչապետին ներկայացնելուց հետո ինչ-որ բան կփոխվի դեպի դրականը: Բայց գոհ ենք այնքանով, որ ընդունեցին, լսեցին, և լիովին գոհ կլինենք, երբ ամբողջովին հարցը լուծվի, և մենք կարողանանք աշխատել»:

Հարցին՝ տեղեկացրե՞լ են արդյոք իրենց այն պնդման մասին, որ դաշտն ազատում են խոշոր խաղացողների համար, Դ. Գևորգյանը պատասխանեց.

«Նախազգուշացրել ենք, տվյալ դեռ չենք տվել: Սպասում ենք ավելի հստակ քայլերի, տեսնենք՝ ինչ են անում: Ասացին, որ նման բան հնարավոր չի: Ժամանակը ցույց կտա: Բայց եթե նորից մերժում ստանանք, այդ ժամանակ ուրիշ քայլերի կդիմենք»:

Դ.Գևորգյանն անընդունելի է համարում քաղաքապետարանի պատճառաբանությունը, թե՝ «քաղաքում կան անճաշակ կրպակներ, իրենց պատճառով դուք էլ պետք է չաշխատեք». «Քանի որ օրենքը բաց է, ու չեն կարող որոշ տնտեսվարողների թույլատրել աշխատել, որոշներին՝ ոչ, ապա բոլորի հանդեպ նույն անօրինականությունն են ցուցաբերում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս