
«Բարսելոնա»-ն հաղթեց «Լիվերպուլ»-ին ՉԼ կիսաեզրափակչում. Մեսսիի 600-րդ գոլը

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին խաղում «Բարսելոնա»-ն սեփական դաշտում հյուրընկալեց և 3:0 հաշվով հաղթեց «Լիվերպուլ»-ին:
Մեկնարկային րոպեներին գնդակին ավելի շատ տիրում էին «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստները: Սակայն միմյանց հաջորդող գրոհներից մեկի ընթացքում ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնվեց Լուիս Սուարեսը և գրավեց իր նախկին թիմի դարպասը: Անգլիական ակումբը մի քանի հնարավորություն ուներ վերականգնելու հաշվի հավասարությունը:
Երկրորդ կեսում «Լիվերպուլ»-ը հարձակվողական ֆուտբոլ էր ցուցադրում և կատալոնական ակումբը հիմնականում պաշտպանվում էր: Բայց «Բարսելոնա»-ն օգտագործեց իր հնարավորոթյունը և արագ հակագրոհը եզրափակեց Լիոնել Մեսսին: Խփած գոլից հետո «կապտանռնագույնները» սկսեցին ավելի սուր, կտրուկ գրոհել: Եվ ահա, ստանդարտ դիրքն իրացրեց Մեսսին, ով անհավանական հարվածով՝ գնդակն ուղարկեց «Լիվերպուլ»-ի դարպասը: Սա Մեսսի 600-րդ գոլն էր «Բարսելոնա»-ի կազմում:
Թիմերի պատասխան հանդիպումը կկայանա մայիսի 7-ին «Էնֆիլդ» մարզադաշտում: