
Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունը մի շարք հանդիպումներ է ունեցել Արգենտինաում

Ապրիլի 30-ին Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանի գլխավորած պատվիրակությունն Արգենտինայի խորհրդարանում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի նախկին քաղաքապետ, Արգենտինայի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի քարտուղար, իշխող կոալիցիայի մաս կազմող «Ռադիկալների քաղաքացիական միություն» կուսակցության անդամ Ֆակունդո Սուարես Լաստրայի հետ, տեղեկացնում է Արցախի ԱԳՆ կայքը:
Հանդիպման ընթացքում Մասիս Մայիլյանը ներկայացրել է Արցախի պատվիրակության այցի նպատակները: Անդրադարձ է կատարվել նաև հարավկովկասյան տարածաշրջանում տիրող իրավիճակին ու կայունության հաստատման հեռանկարներին:
Նույն օրը Արցախի պատվիրակությունը հանդիպել է Արգենտինայի նախկին արտաքին գործերի նախարար, ազդեցիկ «Արդարության կուսակցության» նախագահ, Հարավային Ամերիկայի երկրների ընդհանուր տնտեսական գոտու (Mercosur) խորհրդի անդամ Խորխե Թայանայի հետ:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ու Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման գործընթացներին։ Կողմերը նաև քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: