«Իրավաբանական կրթություն չունեցող անձն առնվազն չպետք է նման հայտարարություններ անի». փաստաբանը՝ Լենա Նազարյանին
Փաստաբան Վահագն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«19.04.2019թ․ ՀՀ Սահմանադրական դատարանը որոշեց, որ «ԱԺ կանոնակարգ» օրենքում կատարված փոփոխությունները համապատասխանում են ՀՀ Սահմանադրությանը։
Խոսքն էն հայտնի փոփոխությունների մասին է, որոնց ընդունման պատճառով ԱԺ շենքը «շրջափակվել էր», իսկ ՀՀ նախագահը դիմել էր Սահմանադրական դատարան՝ փոփոխությունների սահմանադրականության հարցը պարզելու նպատակով։
Եվ այսպես, ՍԴ-ն համարեց, որ ամեն ինչ «նորմալ էր»։ Ըստ էության, ԱԺ-ի «շրջափակման» կարիքը չկար։
Դրանից հետո ԱԺ նախագահի տեղակալ Լ․ Նազարյանը հայտարարեց, որ ՍԴ այս որոշումը չի կարող որևէ քաղաքական կամ իրավական գործընթացի հիմք լինել (https://www.aravot.am/2019/04/30/1039548/):
Բավականին վիճելի պնդում է, որը կարելի է շատ երկար քննարկել։ Բայց համոզված եմ, որ իրավաբանական կրթություն չունեցող անձն առնվազն ՉՊԵՏՔ Է նման հայտարարություններ անի։ «Իրավական գործընթացների» մասին միանշանակ հայտարարություններ անելու «մենաշնորհը» պետք է թողնել իրավաբաններին։
Եվ անկախ ամեն ինչից, սա էն հարցը չի, որի վերաբերյալ կարելի է ՄԻԱՆՇԱՆԱԿ հայտարարություններ անել, նույնիսկ եթե ամենահեղինակավոր իրավաբանն է անում այդ հայտարարությունը (բա որ հանկարծ վաղը պարզվեց, որ կարո՞ղ է իրավական գործընթացի հիմք լինել)։
Ավելի ողջամիտ էր ԱԺ նախագահ Ա․ Միրզոյանի դիրքորոշումը՝ «ՍԴ-ն կայացրել է վճիռը, ես՝ որպես քաղաքական գործիչ, դրա հետ կապված կարող եմ ունենալ վերաբերմունք, համարել լավ կամ վատ, բայց որպես ԱԺ նախագահ՝ ՍԴ կայացրած վճիռը չեմ վիճարկում» (https://hetq.am/hy/article/103039)։
Ինչպես տեսնում ենք, ԱԺ նախագահն իրավացիորեն խուսափել է իրավական գործընթացների մասին կանխատեսումներ անելուց։ Կարծում եմ, որ լավ կլիներ, եթե բոլոր ոչ իրավաբանները ղեկավարվեին նույն մոտեցմամբ»: