«Իմ համար հիմքը դա է, իսկ իրենք ինչ են ասում, ինչի համար են ասում, չգիտեմ». Սերգեյ Բագրատյանը՝ Գագիկ Ծառուկյանի գործի մասին

«Դա իրավական հարթության հարց է։ Նախ՝ պետք է հաշվի առնել, թե ովքեր են դիմողները, այսինքն՝ մտածել է պետք՝ ի՞նչ նպատակ են հետապնդում։ Չէ՞ որ վարչապետը հայտարարել էր, որ խորհրդարանում չկան օլիգարխներ կամ գործարարներ։ Իմ համար հիմքը դա է, իսկ իրենք ինչ են ասում, ինչի համար են ասում, չգիտեմ։ Նախօրեին էլ Մակունցը խմբակցության փակ նիստից հետո ասեց, որ իրենց օրակարգում նման հարց չկա, թե ինչու են նորից քննարկել, չգիտեմ»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության վերնախավի մասնակցությամբ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հրավիրած քննարկմանը և սպասվող հայտարարությանը։

Նա վստահեցրեց, որ փաստաթղթերով Գագիկ Ծառուկյանի մոտ ամեն ինչ կարգին է։ Հարցին՝ փաստաթղթերի կարգին լինելը բավարա՞ր է, հարցի բարոյական կողմը էական չէ՞, Բագրատյանը պատասխանեց.

«Ընդհանրապես աշխարհի բոլոր երկրներում այդպես է, էդ հարցը բարոյական կողմ չունի, այն կոնկրետ օրենքով կարգավորվող գործընթաց է»։

Թե ինչո՞ւ էին ԲՀԿ-ականները խմբակցության ամբողջ ներուժով «լծվել» «Արարատցեմենտ» գործարանի շահերի պաշտպանությանը, Ս.Բագրատյանը բնական է համարում.

«Իսկ ինչո՞ւ չեք հիշում, որ մինչև այդ նույն ԲՀԿ-ականները պաշտպանում էին գյուղացիների հարցը, որ ասում էին՝ վարկերը թանկ են։ Ինչո՞ւ չեք հիշում, որ մինչև այդ պաշտպանում էին տաքսիստների հարցը։ Ինչո՞ւ չեք հիշում, որ մինչև այդ պաշտպանում էին ՓՄՁ-ների հարցը։ Այդ բոլորի ժամանակ մենք ժողովրդի հետ ենք եղել, իսկ դուք միայն ցեմենտն եք նշում։ Արդարացի չի»։

Տեսանյութեր

Լրահոս