Բաժիններ՝

«Հանդես կգանք այն միջնորդություններով, որոնք քննիչի, դատախազի կողմից մերժվել են». Սեյրան Օհանյանի փաստաբանը՝ անելիքների մասին

Հրապարակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի, ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին ղեկավար Արմեն Գևորգյանի, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Յուրի Խաչատուրովի և ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Սեյրան Օհանյանի գործով մեղադրական եզրակացությունը:

Այս մասին տեղեկանում ենք դատական տեղեկատվական համակարգից: Գործն ուղարկվել է դատարան և  մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին:

Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը 168.am-ի հետ զրուցում տեղեկացնում է, սակայն, որ մեղադրական եզրակացությունը դեռ չեն ստացել։

Մեր հարցին ի պատասխան ՝ ներկայացնում է անելիքները. «Դատը որ սկսվի, բազմաթիվ միջնորդություններով հանդես կգանք, այդ թվում՝ այն միջնորդություններով, որոնք քննիչի, դատախազի կողմից մերժվել են»։

Թե կոնկրետ ի՞նչ միջնորդություններով, Մեժլումյանը մանրամասնեց.

«Որպեսզի պարզաբանվի՝ ե՞րբ է տեղի ունեցել Սահամանադրական կարգի տապալումը. ո՞ր պահին, ի՞նչ գործողությամբ տեղի ունեցավ, ո՞ր պահին արդեն ավարտվեց։ Այդ ամենը մեր մեղադրանքի որոշման մեջ չկա. ենթադրում եմ, որ մեղադրական եզրակացության մեջ էլ չի լինի, քանի որ չի կարող եզրակացությունը տարբերվել մեղադրանքի որոշումից»։

Ըստ հրապարակված մեղադրական եզրակացության՝

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ,

Սեյրան Օհանյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Յուրի Խաչատուրովը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու մեջ,

Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Զարուհի Դիլանյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս