Խղճի ազատության խնդիրը՝ աշխարհում
Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը հրապարակել է իր վերջին զեկույցը, ըստ որի աշխարհի հատկապես 16 երկրներում մեծ մտահոգության առարկա է դարձել կրոնական ազատությունները ոտնահարելու խնդիրը: Այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայնը»:
ԱՄՆ-ից գործող Միջազգային կրոնական ազատությունների հանձնախումբը, ինչպես հանձնակատար Գարի Բաուերն է ասում, իր վերջին ուսումնասիրությունների արդյունքում պարզել է, որ հատկապես 16 երկրներում իրականացվում են բիրտ գործողություններ ընդդեմ խղճի ազատության: Ըստ նրա, Չինաստանում այն ուղղված է հիմնականում ընդդեմ ույղուր մահմեդականների:
«Այն ուղղված է նաեւ ընդդեմ Տիբեթի բուդդիստների, ընդդեմ Ֆալուն գոնգի եւ քրիստոնեական եկեղեցիների»,- ասում է նա:
Բաուերն ասում է, թե Միացյալ Նահանգներն ունի փաստացի տվյալներ, թե Չինաստանի որ պաշտոնյաներն են պատասխանատու խղճի ազատությունն այստեղ կրճատելու համար: Նա կոչ է անում, որ ԱՄՆ-ը հորդորի Չինաստանին ազատ թողնելու համար ույղուրներին ու մյուս մահմեդականներին:
Ըստ նույն կազմակերպության, իրադրությունը խղճի ազատության բնագավառում վատթարացել է նաեւ Նիգերիայում, որտեղ կառավարության ու պետական մակարդակներով հանդուրժում են բռնություններն ու խտրականությունը:
Կազմակերպության զեկույցի համաձայն, անցյալ տարվա ընթացքում աճել է սրբավայրերի դեմ իրականացվող ահաբեկչական հարձակումների թիվը:
Ինչպես դեմոկրատ կոնգրեսական Ջիմ Մաքգավերն է ասում. «Վերջերս եղանք Կալիֆորնիայում եւ մի սինագոգի դեմ իրականացված հարձակումների ականատեսը: Հարձակումներ են իրականացվում աշխարհում, նաեւ ԱՄՆ-ում ընդդեմ մահմեդականների: Այնպես որ, երբ խոսում ենք կրոնական ազատությունների մասին, այն խնդիր է ոչ միայն աշխարհի հեռավոր հատվածներում, այլ նաեւ մեր իսկ հարեւանությամբ»:
ԱՄՆ-ի կոնգրեսականներն ասում են, որ սրբավայրերի եւ աշխարհում խղճի ազատության պաշտպանությունը այն հարցերն են, որոնք ոչ միայն Կոնգրեսի, այլ նաեւ ԱՄՆ-ի ամբողջ հասարակության թիրախը պիտի դառնան: