Բաժիններ՝

«Ահագին մարդ արդեն արտագաղթել է». Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները ևս երկու ամիս կսպասեն

Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցները չգիտեն՝ որքա՞ն են սպասելու, մինչև կրկին սկսեն աշխատել:

«Մեծ մասը բանկերի սև ցուցակում են, մի մասի դուռն էլ արդեն թակում է ԴԱՀԿ-ն: Շատերի՝ հարկադիր պարապուրդի համար տրվող աշխատավարձն էլ կամ «ՎՏԲ-Հայաստան» բանկն է պահում միանգամից, կամ էլ ԴԱՀԿ-ն է կալանք դնում»,- 168.am-ի հետ զրույցում ասացին պղնձաձուլական գործարանի աշխատակիցները:

Նրանց փոխանցմամբ՝ ահագին մարդ արդեն արտագաղթել է:

«Արտագնա աշխատանքի տանողներն էլ են օգտվում այս վիճակից, կոպեկներով՝ 30 հազար ռուբլի աշխատավարձով մարդկանց տանում են Ռուսաստան՝ աշխատեցնում: Երևան էլ են ահագին մարդիկ եկել աշխատելու: Խոսակցություններ կան, որ գործարանի աղացագնդերի արտադրամասը շուտով կսկսի գործել, ու 100-120 հոգի հնարավորություն կստանա աշխատել»,- հայտնեցին նրանք:

Նշենք, որ Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատակիցների պայմանագրերի լուծման պահը հետաձգվել է մինչև հունիսի 30-ը: Այս մասին ապրիլի 26-ին հաղորդագրություն են տարածել «Վալլեքս» խմբի ընկերությունները՝ նշելով, որ դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակները:

Հաղորդագրության մեջ մասնավորապես նշված է.

««Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանի աշխատանքի կասեցման հետևանքով Ալավերդի խոշորացված համայնքում սոցիալ-տնտեսական իրադրության վատթարացումը կանխելուն ուղղված աշխատանքների շրջանակներում մշակվել է հայեցակարգային պլան: Վերջինս ներկայացվել է ՀՀ Կառավարությանը՝ դրա շուրջ հետագայում կառուցողական քննարկումներ ծավալելու և միասնական դիրքորոշում ձևավորելու ակնկալիքով։

Ինչպես հայտնի է, 2018թ. հոկտեմբերից գործարանում ժամանակավորապես դադարեցվել է խտանյութերի վերամշակումն ու անզուտ պղնձի արտադրությունը, որից հետո ընկերությունը նախաձեռնել է աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատման գործընթաց՝ բոլոր աշխատողներին օրենքով սահմանված կարգով տալով նշված հիմքով աշխատանքից ազատման վերաբերյալ ծանուցումներ: Մինչ այժմ երկու անգամ չեղարկվել են նախկինում տրված համանման ծանուցումները, և ընկերության բոլոր աշխատողներին տրվել են նոր ծանուցումներ՝ նախատեսվող ազատումներն այլ ժամկետում կատարելու մասին։ Համաձայն վերջին (գործող) ծանուցումների՝ աշխատողների թվաքանակի և հաստիքների կրճատումները նախատեսվում է իրականացնել 2019թ. ապրիլի 30-ից:

Հայեցակարգային պլանում դիտարկվում են գործարանում արտադրության վերսկսման հնարավոր տարբերակներ, այդ թվում՝ պղնձի արտադրության ժամանակավոր վերագործարկում, որին զուգահեռ պետք է տարվեն աշխատանքներ ժամանակակից տեխնոլոգիական լուծումներով զտված պղնձե արտադրանք թողարկելու, ինչպես նաև նոր պղնձաձուլարանի կառուցման ուղղությամբ:

Հիշեցնենք, որ 2018թ. հոկտեմբերի 19-ին Ալավերդու պղնձաձուլական գործարանը պաշտոնապես կասեցրել է գործունեությունը, իսկ հոկտեմբերի 23-ից աշխատակիցներն աշխատանքից ազատվելու ծանուցումներ էին ստացել։ Ալավերդու պղնձաձուլական գործարանը «ՎՏԲ-Հայաստան բանկում» գրավադրված էր Թեղուտի հանքավայրի կառուցման համար Վալերի Մեջլումյանի կողմից բանկից վերցրած մոտ 500 մլն դոլար վարկի դիմաց: «ՎՏԲ-Հայաստան բանկից» հայտնել էին, որ «Վալլեքս» խմբի ընկերությունների մեջ մտնող «Արմենիան Քափըր Փրոգրամ» ընկերության Ալավերդու պղնձաձուլական գործարանն արդեն «ՎՏԲ-Հայաստան բանկի» սեփականությունն է:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս