«Ցանկացած անտեղի ձևակերպում կարող է անցանկալի հետևանքներ ունենալ»

Ավարտին է մոտենում Եվրոպական միության և Ադրբեջանի միջև կնքվելիք գործընկերության նոր համաձայնագրի շուրջ ընթացող բանակցային գործընթացը։

Համաձայնագրի ստորագրմանն ընդառաջ՝ Հայաստանում քիչ չեն մտավախություններն այն մասին, որ ադրբեջանական կողմն այս համաձայնագիրը, ինչպես միջազգային այլ հարթակներն ու փաստաթղթերը, դիվանագիտական սողանցքները, կօգտագործի ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի վերաբերյալ խիստ ադրբեջանամետ և միակողմանի ձևակերպումներ ամրագրելու, հետևաբար՝ բանակցային սեղանին դիվիդենտներ ձեռք բերելու նպատակով։

Այդ մտավախությունները մասամբ հաստատվեցին օրերս, երբ Ադրբեջանի Միլի Մեջլիսի նախագահ Օկտայ Ասադովը հայտարարեց, թե Ադրբեջանի և Եվրամիության միջև ռազմավարական գործընկերության մասին նոր համաձայնագրի նպատակներից մեկն այն էր, որ համաձայնագրում արտացոլվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության և սահմանների անձեռնմխելիության հարցը։

«Եվ մենք հասել ենք դրան»,- ասել էր Ասադովը։

Տեղեկություններ են շրջանառվում նաև այն մասին, որ ԵՄ-Ադրբեջան փաստաթղթի դեպքում ԵՄ-ն կողմ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, սակայն դեմ ընդունել ԼՂ-ն՝ որպես Ադրբեջանի անքակտելի մաս։ Հարկ է հիշեցնել, թե ՀՀ-ԵՄ համաձայնագրում ինչպիսի անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության թեմային։

Փաստաթղթում ասվում է, որ՝ ընդունելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ և տևական կարգավորման համար Հայաստանի Հանրապետության հանձնառության կարևորությունը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից վարվող բանակցությունների շրջանակներում այդ կարգավորմանը հնարավորինս շուտ հասնելու անհրաժեշտությունը, ընդունելով նաև ՄԱԿ-ի կանոնադրության մեջ և ԵԱՀԿ Հելսինկյան եզրափակիչ ակտում ամրագրված նպատակների և սկզբունքների հիման վրա այդ կարգավորմանը հասնելու անհրաժեշտությունը, մասնավորապես, այն նպատակների և սկզբունքների, որոնք առնչվում են ուժի կիրառումից կամ դրա սպառնալիքից հրաժարվելուն, պետությունների տարածքային ամբողջականությանը և ժողովուրդների իրավահավասարությանն ու ինքնորոշմանը, և արտացոլված են ԵԱՀԿ 2008թ. նախարարների խորհրդի 16-րդ հանդիպումից ի վեր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում արված բոլոր հայտարարություններում։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը նշել էր, որ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունը հետևում է Ադրբեջան-ԵՄ համաձայնագրի շուրջ բանակցություններին։ Սակայն նա նաև նշել էր, որ գործընկեր երկրների հետ ԵՄ բանակցվող տեքստերը հրապարակային չեն՝ հասանելի լինելով միայն գործընթացին անմիջական ներգրավվածություն ունեցող կողմերին:

«Ինչ վերաբերում է ԼՂ կարգավորման գործընթացի վերաբերյալ Եվրոպական միության դիրքորոշմանը, ապա այն հստակ արտահայտված է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրում, որտեղ ԼՂ հակամարտության կարգավորման սկզբունքների շարքում առկա է նաև ինքնորոշման իրավունքը։

Ավելին, այդ դիրքորոշումը նաև բազմիցս վերահաստատվել է ԵՄ բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններում, որտեղ աջակցություն է հայտնվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին»,- ասել էր Ա.Նաղդալյանը:

Համաձայնագրի շուրջ ընթացող բանակցությունների այս փուլում իրապես հնարավոր չէ պարզել, թե ինչ համաձայնության են եկել կողմերը ԼՂ հակամարտությանը վերաբերող ձևակերպումների առումով, սակայն փորձել ենք հասկանալ, թե նման զգայուն հարցերի ուղղությամբ ինչ քաղաքականություն է սովորաբար կիրառում Եվրոպական միությունը, ինչ դերակատարություն է ունենում հակառակորդ կողմը, այս դեպքում՝ Հայաստանը, որը ևս ԵՄ-ի գործընկերն է և ԱլԳ առաջամարտիկ երկրներից մեկը և դեռ ինչ կարող է փոխել, եթե համաձայնագրի ստորագրմանը քիչ ժամանակ է մնացել։

Մեզ հետ զրույցում լեհ վերլուծաբան Կոնրադ Զաշտովտն  ասաց, որ Եվրոպական միությունն իր բոլոր գործընկերներին, այդ թվում և հատկապես՝ Արևելյան գործընկերություն ծրագրին մաս կազմող երկրների հետ ինդիվիդուալ փաթեթներ է բանակցում, նրանց քաղաքական հավակնությունների համաձայն՝ ինչպես դա եղավ նաև Հայաստանի Հանրապետության հետ։

Սրանք, ըստ նրա, ինչպես հայտնի է՝ երկկողմ փաստաթղթեր են և մշակվում են երկկողմ ձևաչափում, ուստի պաշտոնապես միայն երկու կողմերն են ներգրավված այդ բանակցություններում և հենց այդ երկու կողմերի կոնսենսուսային մոտեցումն է տեղ գտնում համաձայնագրում, քանի որ դա այդ երկու կողմի համար ընդունելի համաձայնագիր պետք է դառնա։

«Լինում են բացառություններ, բայց քաղաքական հակամարտությունների վերաբերյալ ձևակերպումներում ԵՄ-ն բավականին զգուշավոր է՝ հաշվի առնելով այն անվտանգային ռիսկերը, որոնք կան հակամարտության գոտում, այդ թվում՝ Ղարաբաղյան։ Հասկանալի է, որ ցանկացած անտեղի ձևակերպում կարող է ունենալ անցանկալի հետևանքներ՝ ինչպես հակամարտության գոտում, այնպես էլ՝ քաղաքական առումով՝ հաշվի առնելով հանգամանքը, որ Հայաստանը, որը ԵՄ-ի համար գործընկեր է, հակամարտության մյուս կողմն է։ Այս հակամարտությանն անդրադառնալիս՝ ԵՄ-ն սովորաբար հղում է կատարում ԵԱՀԿ Մինսկի խմբի բառապաշարին և ձևակերպումներին, երեք հիմնարար սկզբունքներին։ Սա է ԵՄ-ի ընդունված աշխատաոճը։

Բնականաբար, նորություն չէ, որ ցանկացած հակամարտության տարբեր կողմեր փորձում են ամեն հնարավոր քաղաքական հարթակ վերածել հնարավորության, բայց ԵՄ-ն իր շահերն ունի և սովորաբար իր մոտեցումները չի փոխում հակամարտող կողմերի հետ առանձին շփումներում։ Բայց նշեմ նաև, որ սա պետք է լինի համաձայնագիր և կոնսենսուսային ձևակերպումներ։ Չեմ կարծում, որ երկակի ստանդարտների հարց ի հայտ գա»,- ասաց նա։

Զաշտովտը շեշտեց, որ բանակցություններն ընթանում են երկու կողմերի միջև, ուստի երրորդ կողմեր դրանցում չեն կարող ազդեցություն ունենալ պաշտոնապես։ Սակայն, ըստ նրա, դիվանագիտությունը բազում խողովակներ է տալիս քաղաքական ուժերին, իշխանություններին՝ ԵՄ-ի հետ երկխոսության համար։ «Այն, ըստ էության, հետագա հաջող հարաբերությունների համար երբեք ոչ մի ուղղությամբ չպետք է դադարի, հատկապես, երբ լավ հարաբերություններ են հաստատված ՀՀ նոր իշխանությունների և ԵՄ-ի միջև։

Հայաստանն իր խողովակներով կարող է հասկանալի դարձնել, որ միակողմանի ձևակերպումներն անընդունելի են, և դա կարող է արդյունք ունենալ, քանի որ ԵՄ-ն պետք է առաջնորդվի ԵԱՀԿ ՄԽ տրամաբանությամբ, իսկ ԵԱՀԿ ՄԽ-ն չի առանձնացնում որևէ սկզբունք և որևէ սկզբունքի առավելություն չի տալիս»,- ասաց Զաշտովտը։

Իսկ եվրոպացի վերլուծաբան Լոռ Դելքուրի խոսքով՝ դժվար է ենթադրել, թե ինչպիսի բովանդակություն կունենա այդ համաձայնագիրը, սակայն դրանում ԼՂ հակամարտությանը լինելու է պարզապես անդրադարձ, քանի որ համաձայնագիրն ընդհանուր առմամբ երկկողմ համագործակցության բովանդակության, սահմանների, ծրագրերի մասին է, իսկ ԼՂ հակամարտությամբ ԵՄ-ն չի զբաղվում, դրանով զբաղվում է միջազգային մանդատ ունեցող ԵԱՀԿ ՄԽ-ն, որի դիրքորոշումներն էլ ուղենիշային են սովորաբար եղել ԵՄ-ի համար։

«Չգիտեմ, թե արտահոսքերն այդ ձևակերպումների մասին որքանով են հիմնավոր։ Բայց հայկական դիվանագիտությունը կարող է ունենալ իր ազդեցությունը հատկապես այս փուլում։ Հայկական կողմի ուղերձները պետք է հստակ ու հասկանալի լինեն ԵՄ-ի համար։ Չնայած ներքաղաքական ծանրաբեռնված օրակարգին՝ արտաքին օրակարգը պակաս կարևոր չէ, և որևէ հարցի կարևորություն չպետք է թերագնահատվի։ Այս փուլում ՀՀ-ն ու ԵՄ-ն զբաղված են եղել համաձայնագրի իրականացման ճանապարհային քարտեզի մշակմամբ, համատեղ ծրագրերի հստակեցմամբ, նոր որոշ ուղղությունների մշակմամբ, և հասկանալի է, որ դա եղել է ավելի ձգձգված ներքաղաքական զարգացումների պատճառով։

Մյուս կողմից՝ ՀՀ-ԵՄ համաձայնագրում ևս կա անդրադարձ, պաշտոնական բոլոր հանդիպումների ընթացքում ընդգծվում է ԵՄ-ի դիրքորոշումը, և այն որևէ մեկի համար գաղտնիք չէ, և կարծում եմ՝ ԵՄ-ն այդ մոտեցումներում արմատական փոփոխությունների չի կարող գնալ, սա զգայուն հարց է երկու կողմի համար էլ, և դա պետք է հաշվի առնվի։ Սպասենք համաձայնագրի բովանդակությանը»,- ասաց նա։

Տեսանյութեր

Լրահոս