ԱՄՆ-ում աճուրդով վաճառել են Ջոն Լենոնի դաշնամուրը
Դաշնամուրը, որով նվագել է The Beatles խմբի հիմնադիրներից մեկը՝ Ջոն Լենոնը (1940 – 1980), վաճառվել է Gotta Have Rock and Roll ընկերության կազմակերպած ցանցային աճուրդում: Այդ մասին հաղորդվում է ընկերության պաշտոնական կայքում:
Նյու Յորքում հաստատված ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ երաժշտական գործիքը պատրաստվել է մոտավորապես 1872 թվականին: Ենթադրվում է, որ Լենոնը դաշնամուրը ձեռք է բերել 1966 թվականին, այն տարբեր ժամանակներում գտնվել էՄեծ Բրիտանիայում նրա երկու տներում: Ընկերության փորձագետների պնդմամբ՝ Լենոնը դրանով իմպրովիզացիաներ է արել, երբ երգեր է գրել:
Դրանցից մի քանիսն ավելի ուշ տեղ են գտել Sgt. Pepper՚s Lonely Hearts Club Band (1967) ալբոմում: Ինչպես հաղորդվում է Gotta Have Rock and Roll-ի կայքում, ընկերության փորձագետները հույս ունեին այդ լոտից ստանալու 800 հազարից մինչեւ 1,2 միլիոն դոլար: Այն վաճառվել է 575 հազար դոլարով, ըստ որում գնորդը նաեւ վճարել Է աճուրդային տուրքը՝ նշված գումարի 25 տոկոսի չափով:
Երաժշտական գործիքների ամերիկացի հավաքորդ Ջիմ Իրսեյը Twitter-ում գրել է, որ նոր տերը դարձել է ինքը: Forbes հանդեսի գնահատումներով՝ Իրսեյը 2,7 միլիարդ դոլարի չափով կարողության տեր է: Նրա հավաքածուի մեջ են մտնում, մասնավորապես, կիթառներ, որոնք պատկանել են Լենոնին, Ռինգո Սթարին եւ Բոբ Դիլանին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: