Ֆրանսիան 9 մլրդ եվրոյի սպառազինություն է արտահանել 2018 թվականին
Ֆրանսիական սպառազինությունների արտահանման արժեքը 2018 թվականին հասել է 9 մլրդ եվրոյի: Այդ մասին հանրապետության զինված ուժերի նախարար Ֆլորանս Պառլին ապրիլի 19-ին հայտնել է CNews հեռուստաալիքին տված հարցազրույցում:
«2018 թվականին սպառազինությունների արտահանման ցուցանիշը կազմել է մոտավորապես 9 մլրդ եվրո: Ավելի վաղ, 2017 թվականին, այն 7 մլրդ եվրո էր: Այսինքն՝ մենք հասել ենք 30 տոկոս աճի»,-ասել է պաշտպանության նախարարը:
Դրա հետ մեկտեղ նա ընդունել է, որ Ֆրանսիան ավելի մեծ եկամուտներ էլ է ունեցել սպառազինությունների արտահանումից: Մասնավորապես, 2016 թվականին Հնդկաստանի հետ ստորագրված մի քանի տասնյակ Rafale կործանիչների մատակարարման պարտավորագրի շնորհիվ սպառազինությունների արտահանման չափը գերազանցել է 10 մլրդ եվրոն:
Նախարարը հայտնել է, որ մոտ ժամանակներս խորհրդարանին կներկայացնի սպառազինությունների արտահանման վերաբերյալ իր գերատեսչության զեկույցը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: