Հալեպի հավատացյալները վերադառնում են վերականգնված Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի
Սիրիայի Հալեպ քաղաքում հավատացյալները ակտիվորեն վերադառնում են վերականգնված հայկական Սուրբ Քառասուն Մանկանց եկեղեցի, որը 2015 թվականին ոչնչացվել էր «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գործողությունների հետևանքով: Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Վերականգնումից հետո՝ մարտի 30-ին եկեղեցին օծել էր Մեծի Տանն Կիլիկիո Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա կաթողիկոսը:
«Մենք շատ ուրախ ենք, որ կարողացանք վերադառնալ և գալ այստեղ, պատերազմի պատճառով վաղուց է, ինչ չէինք գալիս: Մենք ևս զգացինք, որ հաղթել ենք, քանի որ եկեղեցին կրկին ժողովրդի հավաքի վայր է դարձել: Մեր բոլոր եղբայրները՝ ինժեներները, բժիշկները, աշխատավորները կարող են գալ այստեղ: Սա մեծ երջանկություն է»,- լրագրողներին ասել է Զվարթ Սարգիսը:
2015 թվականի ապրիլին Հալեպի պատմական Ջդեյդե թաղամասում գտնվող, 15-րդ դարում կառուցված Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության Բերիո թեմի առաջնորդանիստ Սրբոց Քառասնից Մանկանց մայր եկեղեցին և հարակից տարածքը ռմբակոծության հետևանքով մեծ վնասներ էին կրել: Եկեղեցին պայթեցվել էր ԻՊ կողմից՝ ներսում փորված և այնտեղ տեղադրված ռումբերի միջոցով:
Եկեղեցու վերականգնումն իրականացվել էր Հալեպի հայ համայնքի նվիրատվություններով: Առնվազն 150 հազար մարդ իր ավանդն է բերել սրբավայրի վերականգնման գործին: