Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամին միայն Հասմիկ Պապյանն է խոշոր գումար փոխանցել
Ապրիլյան պատերազմի հերոս Արմենակ Ուրֆանյանի անվան հիմնադրամին գումարներ փոխանցում են, սակայն եղած միջոցներն այդքան շատ չեն, որպեսզի դրանցով մեծ գործունեություն ծավալեն։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց կապիտան Արմենակ Ուրֆանյանի մայրը՝ Համեստ Ներսիսյանը։
Նրա խոսքով՝ եղած ֆինանսական միջոցներով ապրիլյան պատերազմում նահատակված տղաների մասին միջոցառումներ են կազմակերպում։
«Այսպես փոքր քայլերով առաջ ենք գնում, տեսնենք՝ հետագան ինչ կլինի»,- ասաց Հ. Ներսիսյանը։
Հարցին՝ ամիսներ առաջ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը կոչ էր արել ներկա և նախկին պաշտոնյաների և օլիգարխների կանանց՝ իրենց բոլոր արժեքավոր զարդերն ու իրերը նվիրաբերել հիմնադրամին, մինչև այսօր մեծահարուստ կանայք որևէ նվիրատվություն արե՞լ են, Համեստ Ներսիսյանը բասացական պատասխան տվեց:
«Նրանց կողմից որևէ բան չենք ստացել։ Սովորական քաղաքացիներն են 10, 20 հազար դրամով գումար ուղարկում, նրանց մեջ մարդիկ կան, որ չեն ցանկանում իրենց անունը նշել։ Չէ, այդ կոչից հետո որևէ մեկը որևէ բան չարեց։ Լինում է, որ երկու ամիսը մեկ անգամ փոքր գումար են նվիրաբերում հիմնադրամին։ Օպերային երգչուհի Հասմիկ Պապյանն է մեծ գումար նվիրել հիմնադրամին՝ համերգի հասույթը, այդ գումարին առայժմ չեմ ցանկանում ձեռք տալ, տեսնեմ՝ հետո դրանով ինչ գործ կարող եմ անել։ «Եռաբլուրում» պետք է աշխատանքներ իրականացնենք։ Հաշմանդամություն ունեցող տղա կա, իրեն ենք ուզում ուղարկել Գերմանիա բուժվելու»,- ասաց Համեստ Ներսիսյանը։
Ըստ նրա, արտերկրից նվիրատուներ չկան հիմնադրամին, նվիրատուները միայն Հայաստանից են։
Ինչ վերաբերում է Արմենակ Ուրֆանյանի անվան թանգարան հիմնադրելուն, տիկին Համեստը տեղեկացրեց, որ դեռևս չի դիմել քաղաքապետին, որպեսզի փոքրիկ տարածք տրամադրի թանգարան բացելու համար:
«Ուզում եմ անպայման այս նպատակս իրականացնել»,- եզրափակեց Համեստ Ներսիսյանը։
Զվարթ Խաչատրյան