Facebook-ում գործառույթ են ներկայացրել մահացած օգտատերերի մասին հիշողություններ հրապարակելու համար
Facebook-ի վարչակազմը ներկայացրել է նոր գործառույթ, որը նախատեսված է այն բանի համար, որ սոցցանցում մարդիկ կարողանան հիշողություններ պատմել մահացած օգտատերերի վերաբերյալ: Այդ մասին հաղորդվել է Facebook-ի բլոգում: Փոփոխությունը վերաբերում է այն օգտահաշիվներին, որոնց համար սահմանված է հիշատակի ստատուս:
Ինչպես պատմել են սոցցանցում, գոյություն ունեցող կանոնների համաձայն, ցանկացած օգտատեր կարող է հաշվեգրանցումն այնպես կարգավորել, որ կյանքից հեռանալուց հետո իր կողմից ընտրված անձը դառնա «պահապան» եւ իրավունք ստանա կառավարել էջը: Այդ դեպքում օգտահաշվին կամրացվի հիշատակի ստատուսը, իսկ նախկին տիրոջ անվան առջեւ կլինի «հիշում ենք» բառը:
Բացի այդ, օգտատերը կարող է այնպես անել, որ իր մահվանից հետո Facebook-ի էջը ամբողջովին հեռացվի: Ինչպես ճշտել են Facebook-ի ներկայացուցիչները, այժմ այն օգտահաշիվներում, որոնց համար սահմանված է հիշատակի ստատուս, կհայտնվի նոր բաժին: Այն նախատեսված կլինի բացառապես այն բանի համար, որ մյուս օգտատերերը հիշողություններ պատմեն մահացած մարդու մասին:
Այդ օգտահաշիվների «պահապանները» նաեւ դրանք կառավարելու ավելի մեծ հնարավորություններ կունենան: Այդ անձինք, մասնավորապես կկարողանան խմբագրել այն բաժինը, որը նվիրված է կյանքից հեռացած մարդու վերաբերյալ հիշողություններին, ինչպես նաեւ սահմանափակել այն մարդկանց շրջանակը, որոնք կարող են գրառումներ անել էջում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: