ԵՄ-ն պատրաստ է հավանություն տալ Brexit-ի հետաձգմանը, եթե Լոնդոնն իրական ծրագիր ներկայացնի. FT
Եվրամիության անդամ երկրները պատրաստ են հավանություն տալ հանրակցությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հետաձգմանը, եթե վարչապետ Թերեզա Մեյը Բրյուսելի հետ գործարք կնքելու համար լրացուցիչ ժամանակն օգտագործելու իրական ծրագիր ներկայացնի: Այդ մասին հայտնել է Financial Times բրիտանական թերթը:
Նրա տվյալներով՝ Լոնդոնի կողմից «վստահության արժանի առաջարկվությունների» ներկայացվելու դեպքում Brexit-ի ամսաթվի հետաձգման վերաբերյալ որոշումն ընդունելու օգտին արտահայտվել են, մասնավորապես, Փարիզը, Բեռլինը, Դուբլինը եւ Հաագան:
Ինչպես ապրիլի 9-ին հայտարարել է Ֆրանսիայի՝ եվրոպական գործերի պետքարտուղար Ամելի Մոնշալենն ընդհանուր հարցերին նվիրված ԵՄ-ի խորհրդի՝ Լյուքսեմբուրգի նիստին ժամանելուց հետո, դուրս գալու ժամկետների երկարացումն «ինքնաբերաբար չի լինելու»: ԵՄ-ի ղեկավարներին հարկավոր կլինի քաղաքական առումով «հուսալի աջակցություն» եւ Մեծ Բրիտանիայի հավաստիացումներն այն դերի վերաբերյալ, որը նա խաղալու է, մնալով հանրակցության անդամ պետություն, որպեսզի խոչընդոտներ չստեղծի «եվրոպական հավակնոտ ծրագրի» ճանապարհին, հավելել է Մոնշալենը:
Գերմանիայի ԱԳ նախարարության Եվրոպայի գործերի պետնախարար Միխայել Ռոտի խոսքով՝ ներկայիս իրադրությունը «շատ է հիասթափեցնում», եւ համապատասխան հետաձգումը «պետք է պայմանավորվի խիստ չափանիշներով»:
Իռլանդիայի վարչապետի տեղակալ, արտաքին գործերի եւ առեւտրի նախարար Սայմոն Քոուվենին արտահայտվել է հօգուտ հետաձգման՝ առանց գործարքի Brexit-ից խուսափելու նպատակով, ինչը, նրա կարծիքով, կդառնար «քաղաքականության սարսափազդու ձախողում»:
«Մենք պետք է ամեն բան անենք, որպեսզի դա տեղի չունենա»,-նշել է Քոուվենին: Բայց, իհարկե, ինչպես ասել է նա, «պետք է գոյություն ունենա իրատեսական, վստահություն ներշնչող ծրագիր», որը կարող է համաձայնեցվել առաջիկա մի քանի օրում:
Նիդեռլանդների արտգործնախարար Սթեֆ Բլոկը կարծիք է հայտնել, որ հարկավոր է աջակցել ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու ամսաթվի հետաձգմանը՝ նպատակ ունենալով գործարքի կնքումը Բրյուսելի եւ Լոնդոնի միջեւ:
«Հենց Մեծ Բրիտանիան պետք է որոշի (երբ է նա հեռանալու),-շարունակել է նա:-Նիդեռլանդների շահերին համապատասխանում է կոշտ Brexit-ից խուսափելը, եւ եթե ավելի շատ ժամանակ պահանջվի նման իրադրություն թույլ չտալու համար, մենք պետք է համաձայնենք դրան», հաղորդել է ՏԱՍՍ գործակալությունը: