
Փորձագիտական խումբը դեռ ուսումնասիրում է Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի ու անազատության մեջ գտնվելու համատեղելիությունը

Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունների ու անազատության մեջ գտնվելու համատեղելիության հարցը քննվում է փորձագիտական խմբի կողմից: Այս մասին ապրիլի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:
«Եթե կալանքի հիմքերը բավարար և իրավաչափ են, ապա պետք է նաև գնահատել հետևյալը` արդյոք անձի առողջական վիճակը համատեղելի է անազատության հետ: Սրանք պետք է տարանջատել: Հիմա, որքան տեղյակ եմ, իրականացվում է փորձաքննություն` ճշտելու` արդյոք անազատության մեջ գտնվելու հետ անհամատեղելի հիվանդությունների ցանկին համապատասխանում են Մանվել Գրիգորյանի մոտ առկա հիվանդությունները»,- ասաց նախարարը: