«Վստահեցնում եմ, Ալիևին տվեք ամբողջ Արցախը, ներառյալ՝ ԼՂԻՄ-ը, կոնֆլիկտը կրկին չի վերջանալու, հետո Զանգեզուրն են ուզելու, այնուհետև՝ Երևանը». Արա Պապյան
«Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանը 168.am-ի հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ Արցախի հարցը լուծվելու է պատերազմի միջոցով, որի համար Հայաստանը պետք է պատրաստ լինի:
«Պատերազմը, մեկ է՝ անխուսափելի է, լինելու է։ Վիեննայում Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երևալու է՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, շո՞ւտ կլինի, թե՞ ուշ»,- ասել էր Գ. Մելքոնյանը:
168.am-ը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Արա Պապյանից հետաքրքրվեց՝ արդյո՞ք պետք է հայկական կողմը պատրաստ լինի հարցի ռազմական ճանապարհով լուծմանը։
«Ինքս, ցավոք, հարցի բանակցային ճանապարհով լուծումը չեմ տեսնում՝ ելնելով այն դիրքորոշումից, որն ունի Ադրբեջանը։ Որովհետև Մադրիդյան սկզբունքները խիստ շահավետ են Ադրբեջանի համար, բայց նրանք անգամ սրան չեն համաձայնում։ Հիշեք Մինսկի խմբի համանախագահների վերջին հայտարարության հետ կապված Ադրբեջանի արտգործնախարարի հայտարարությունը. Ադրբեջանը միանշանակ ընդգծեց ինքնորոշման իրավունքը՝ պայմանով, որի կպահպանվի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և այն կհարգվի։
Այսինքն՝ նրանք արդեն որոշում են։ 1988 թվականից առ այսօր Ադրբեջանը որևէ հարցում չի զիջել, ինչպես որ հայտարարում է, այնպես էլ մնում է իր դիրքերում։ Մենք պարբերաբար զիջել ենք, այսօրվա պառակտված վիճակը, որ ունենք՝ Հայաստան-Արցախ, այդ զիջման հետևանքն է։ Որոշ «խելոքներ» մտածեցին, որ, եթե առաջ քաշեն Արցախի ոչ թե՝ միացման, այլ՝ անկախության գաղափարը, Ադրբեջանն ավելի հեշտ կընդունի, ինչո՞ւ պետք է ընդունի։ Ադրբեջանը հստակ իր դիրքորոշումն ունի։
Ցավոք, եթե այս վիճակում մնան հարաբերությունները, ապա հարցը կունենա միայն ռազմական լուծում, ինչն Ալիևը չի թացքնում»,- ասաց քաղաքագետը։
Նրա խոսքով՝ Ադրբեջանի ղեկավարի համար բանակցությունները տակտիկական հարց են՝ աշխարհին ցույց տալու, որ ինքը լավն է, ինչպես նաև միջոց՝ լուծելու 2016 թվականի ապրիլի մնացորդային հետևանքները։
Ըստ քաղաքագետի՝ Ալիևն ունի հստակ ստրատեգիա, երբ հայտարարում է, որ իրենց նպատակը Երևանի գրավումն է։
«Վստահեցնում եմ, Ալիևին տվեք ամբողջ Արցախը, ներառյալ՝ ԼՂԻՄ-ը, կոնֆլիկտը կրկին չի վերջանալու, հետո Զանգեզուրն են ուզելու, այնուհետև՝ Երևանը։ Շատերն ասում են, թե՝ Ալիևն է, էլի, խոսում է, բայց ի՞նչ է խոսում, սա ստրատեգիա է, որով խոսում է պետության առաջին դեմքը։ Մեղրիի տարբերակը, որն այսօր մեծ աղմուկ է հանել, ինչի՞ համար էր արվում, սա նույն համաթուրքական ծրագրի համար էր արվում։ Այսինքն՝ այստեղ Ադրբեջանը լուծում է ամբողջ Հայաստանի հարցը, չկա Արցախի հարց, կա Հայաստանի գոյության հարց։
Արցախի հարցը միայն պատրվակ է՝ լուծելու նրանց ազգային խնդիրը, խոսքը հայկական հավաքական գոյության ոչնչացումն է։ Պատահական չէ, որ նրանք ասում են՝ դուք կարող եք ապրել հայկական տարածքներում, բայց՝ որպես Ադրբեջանի հպատակներ։ Եթե նույնիսկ մենք ռազմական ճանապարհով ջախջախենք Ադրբեջանին, ինչը մեզ վրա թանկ է նստելու, միևնույն է՝ 5-10 տարի անց Ադրբեջանը կրկին իր ծրագիրն առաջ է քաշելու»,- շեշտեց Արա Պապյանը։
Զվարթ Խաչատրյան