«Պատերազմն անխուսափելի է, այսօրվա հանդիպումից հետո երևալու է՝ ո՞ւշ կլինի, թե՞ շուտ». Գագիկ Մելքոնյանը՝ Փաշինյան-Ալիև հանդիպման մասին

«Ազատամարտիկների դաշինք» միության վարչության նախագահ, Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի կարծիքով՝ երեկ, երբ խորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ում Հայաստանը ոչ թե ձախողել է, այլ հաջողել, իր մեջ ճշմարտություն էր պարունակում։

«ՀԱՊԿ-ի նիստերին ու հավաքներին ներկայացել ենք՝ ինչպես ճորտ, այդպես կարելի է ասել, մեր երկիրը  ցածրացրել ու նսեմացրել ենք, ինչ ասել են, այնպես ենք արել: Այսօր մենք կարողանում ենք մեր խոսքն ասել, թե ինչպես սա ՀԱՊԿ-ում կընդունեն, չգիտեմ։ Մենք ուզում ենք, որ մեր երկիրն ինքնիշխան լինի, մենք ղեկավարենք մեր երկիրը, սա է մեր ամբողջ խնդիրը: Այսօր մեր հարաբերությունները  Ռուսաստանի հետ ինչպե՞ս է, նրանք մեր հակառակորդին զինեցին, որպես մեր դաշնակից՝ պարտավոր են նաև մեզ զինեն: Այդ ինքնաթիռները, որ մեզ տվեցին՝ «Սու 24», դրանք ի՞նչ են, մոտենան սահմանին՝ կխփեն, մեզ պետք են հակահիթիռային կոմպլեքսներ, որպեսզի թշնամուն տված հրթիռները մեր վրա չընկնեն: Պատերազմը, մեկ է՝ անխուսափելի է, լինելու է։ Այսօրվա Փաշինյան-Ալիև հանդիպումից հետո երևալու է՝ պատերազմ կլինի՞, թե՞ ոչ, շո՞ւտ կլինի, թե՞ ուշ»,- ասաց Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով 168.am-ի հարցին, թե այս պահին ՀԱՊԿ-ում ինչ դիրքերում է Հայաստանը, արդյո՞ք այդ դիրքերը շահեկան են ՀՀ-ի համար:

Մեր հաջորդ հարցին՝ այսինքն՝ Արցախի հարցը պատերազմի միջոցո՞վ է լուծվելու, Գագիկ Մելքոնյանը պատասխանեց. «Կարծում եմ՝ այո, դրա համար մենք պետք է պատրաստ լինենք»:

Անդրադառնալով ԵԿՄ նախագահի ընտրության հարցին՝ Գագիկ Մելքոնյանն ասաց, որ ապրիլի մինչև 10-ը ԵԿՄ-ում պետք է համագումար տեղի ունենա։

«ԵԿՄ-ն պետք է լինի, սակայն՝ նորացված, եթե պետք է հինը մնա, իմաստը չեմ տեսնում՝ նկատի ունեմ ղեկավար կազմին, ամեն ինչ «գցեցին» մեկ մարդու վրա, իրենք մեղավորություն չունե՞ն։ Տեսնենք՝ առաջիկայում ինչ կլինի»,- շեշտեց Գագիկ Մելքոնյանը։

Նա համաձայն չէ այն կարծիքների հետ, որ Արցախի պատերազմի հերոսների դեմ արշավ է սկսվել.

«Խոսքը միայն 5 տոկոսի մասին է, ում մասին որ խոսում են՝ շուտով ամեն ինչ պարզվելու է։ Ցավոք, կա արցախցի ու հայաստանցի տարանջատումը, սրա դեմ մենք պետք է պայքարենք, որպեսզի նման բան չլինի»։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս