«Հայտարարությամբ պարզ է դառնում, որ նույն փաստաթուղթն է սեղանի վրա». Կիրո Մանոյան
ՀՅԴ Բյուրոյի անդամ Կիրո Մանոյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ մարտի 29-ին Վիեննայում հանդիպման մասին Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունից եզրակացրել է, որ բանակցային սեղանին նույն փաստաթուղթն է, ինչ առկա էր Հայաստանում մինչև հեղափոխությունը:
«Վարչապետն էլ ասաց, որ բանակցային գործընթացում ոչ մի հեղափոխություն չի եղել: Հայտարարությամբ պարզ է դառնում, որ ըստ էության նույն փաստաթուղթն է սեղանի վրա: Թե նրանք ինչ են առանձին խոսել, չգիտեմ: Հաճախ չի պատահում, որ արտգործնախարարները և համանախագահողները միասին հայտարարություն տարածեն, բայց նաև հայտարարություն անողները բուն խոսակցությունների ժամանակ այնտեղ ներկա չեն եղել»,-ասաց Մանոյանը՝ ակնարկելով այն, որ Վիեննայում հանդիպումը մեկնարկել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների մասնակցությամբ, սակայն երկու ժամ շարունակվել է դեմ առ դեմ՝ փակ դռների հետևում:
Մեկնաբանելով այն, որ Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվել են իրականացնել մարդասիրական միջոցառումներ՝ նա ասաց, որ երևի խոսքը գերիների, սահմանն անցած անձանց փոխանակման մասին է:
Մանոյանը նշեց, որ Ադրբեջանի նախագահը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի չափ հանդիպման մասին մեկնաբանություն չի տվել, ադրբեջանական կողմից լուրջ մեկնաբանություն չի եղել:
Խոսելով Վիեննայի (ապրիլյան քառօրյա պատերազմից հետո՝ 2016թ. մայիսի 16-ին) և Սանկտ Պետերբուրգի (2016թ. հունիսի 20-ին) պայմանավորվածություններից՝ Մանոյանը նշեց, որ դրանց ավելի մեծ ուշադրություն դարձնելը կնպաստեր զինադադարի պահպանմանը: «Ոչ մի երաշխիք չկա, որ Ադրբեջանը վաղն էլ կպահպանի իր այսօրվա կեցվածքը: Եվ եթե խախտվի զինադադարը, Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի հանդիպումների ժամանակ որոշված մեխանիզմների բացակայությամբ չի պարզվի, թե ով էր զինադադարը խախտել»,-եզրափակեց Մանոյանը: